Press "Enter" to skip to content

Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին

Մադոննան լռում է Երևանի համալիրում հնարավոր համերգի մասին։

ԼԻՍԱԲՈՆ – Աշխարհահռչակ փոփ երգչուհի Մադոննան այս տարի պատրաստվում է նշել իր 60-ամյակը՝ այսինքն արդեն համապատասխանում է Հայաստանում համերգ տալու բոլոր չափանիշնրին։ Այդ առիթով մենք կապ հաստատեցինք երգչուհու մենեջեր Գայ Օսիրիի հետ։ «Մենք տեղյակ ենք, որ այլևս որևէ օրենսդրական խոչընդոտ չկա Հայաստանում համերգ տալու համար։ Սակայն Մադոննան այսօր էլ շարունակում է հիթեր ձայնագրել ու պահանջված մնալ, ուստի վաղաժամ է խոսել նրա հայաստանյան այցի մասին։ Համբերեք ևս 5-10 տարի»,- նշեց երգչուհու մենեջերը։ Օսիրին բացատրեց, որ երգչուհու այցը Հայաստան անրդար կլինի բոլոր այն երգիչների համար ովքեր վերջին հիթը ձայնագրել են 20-30 տարի առաջ ու հերթագրված սպասում են իրենց հայաստանյան համերգներին։
Մշակույթի նախարարությունից մեզ պարզաբանեցին, որ Մադոննայի համերգը Երևանի մարզահամալիրում կարող է ավելի վաղ էլ իրականություն դառնալ։ «Օրինակ՝ եթե նրա հաջորդ ալբոմը սարսափելի մի խայտառակություն լինի ու բոլոր երկրպագուները երես թեքեն, ապա համերգը կարող է հենց 2-3 տարուց էլ իրականություն դառնա»,- ասաց մշակույթի նախարարության հանդիսահամերգային բաժնի ղեկավար Սվետլանա Բորիսովան՝ «իսկ եթե ուղղակի վատ գնան գործերը, ապա կգա Վրաստան ու հնարավորություն կունենանք այնտեղ վայելել Մադոննային»։ Նախարարությունից տեղեկացրեցին, որ այս տարի պետք է սպասել երգչուհի Սաբրինայի և Ace of Base խմբի համերգներին։ Թե նրանցից որն է չեղարկվելու հրաժարվեցին նշել։