Press "Enter" to skip to content

Կառավարության ֆեն-շույի մասնագետը անսպասելի հրաժարական տվեց։

jj

ՀՀ կառավարության ֆեն-շույի առաջատար մասնագետ Ստեփան Ձինտաոն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Դիմումը իսկապես շոկային էր, հաշվի առնելով, որ ֆեն-շույի մասնագետի հաստիքը գործադիրում ստեղծվել էր ընդամենը 3 ամիս առաջ և նրա հետ մեծ հույսեր էին կապվում։ «Ի սկզբանե պայմանը այսպիսին էր ՝ ինձ թողնում են բոլոր անհրաժեշտ փոփոխությունները անել, իսկ ես ապահովում եմ 10-12% տնտեսական աճ։ Սակայն դրա համար ինձ պետք էր շենքից վերացնել բացասական աուրան՝ մասնավորապես ճաշարանից պետք էր վերացնել քաբաբը, և փոխարինել այն կանաչ թեյով։ Քաբաբը շատ վատ ֆենշույ է», — նշում է մասնագետը։
Նախարարները նաև չեն համաձայնվել գրասենյակներում տեղադրել փոքրիկ շատրվաններ կամ ջրհոսներ, պատճառաբանելով, որ այդ ձայնից անընդհատ զուգարան են ուզում։ Խոչընդոտվում էր դրական էներգիայի շրջանառությունը շենքով՝ անվտանգության աշխատակիցները չէին թողնում դռան վերևը կախել «Քամու ձայն» կոչվող զանգակները։ Իսկ մասնագետի պնդմամբ դա տնտեսության առողջացման առանցքային կետերից մեկն էր։
Վարչապետը հրաժարվեց գործից ազատել բացասական աուրայով մի քանի նախարարների. «Մի քանիսը կային, որ նամռոտ ու անտանելի բացասական աուրա ունեն, բայց չուզեցան իրանցից ազատվել։ Մենակ Երվանդ Զախարյանին ազատեցին, բայց դա բավական չէ», ֊ բողոքում է ֆեն-շույի մասնագետը,- «Անհեթեթ ճարտարապետական բացատրություններով արգելեցին մի փոքր պտտեմ կառավարության շենքը՝ որ մուտքը նայի դեպի արևելք։ Հրաժարվեցին պատերից քերել այդ ոսկիները։ Ոսկին ֆեն-շույի համաձայն պետք է լինի գրպանում, ոչ թե պատին կամ առաստաղին»։
Եթե ֆեն-շույի մասնագետին ազատելու դիմումը ընդունվի, կառավարությունը ստիպված կլինի նոր միջոցներ գտնել երկրի արտաքին պարտքը նվազեցնելու համար։