Press "Enter" to skip to content

Բյուջեից մսխումները կանխելու համար հատկացված գումարի կեսը մսխվել է

Տիրատուրյան. «Պետք չի թերագնահատել Եգիպտոսի հակակոռուպցիոն փորձի ուսումնասիրությունը»
Տիրատուրյան. «Պետք չի թերագնահատել Եգիպտոսի հակակոռուպցիոն փորձի ուսումնասիրությունը»

Տարեսկզբին կառավարությունը 72 մլն դրամ էր հատկացրել բյուջեյից մսխումները կանխելու հատուկ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Օրերս պարզ դարձավ, որ հատկացված գումարից մոտ 30 մլն դրամը մսխվել է: «Ես ոչ մի հեգնանք այստեղ չեմ տեսնում. տեղի ունեցածը ցավալի է, և մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները այս նոր մսխումների մեխանիզմը բացահայտելու համար», — պարզաբանեց բյուջեից իրացումների և մսխումների դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Յուրի Տիրատուրյանը: Նրա խոսքով հանձնաժողովը մտադիր է քննել տեղի ունեցածը արագացված կերպով, ինչի համար արդեն կառավարությունից խնդրել են լրացուցիչ 15.7 մլն դրամ: Հանձնաժողովը պատրաստվում է մրցութային կարգով ընտրել աուդիտ անցկացնող անկախ ընկերությունը, որը և կբացահայտի մսխված գումարի մեխանիզմն ու ճակատագիրը:

Տիրատուրյանը հերքեց վերջերս տարածված լուրերը, իբր աուդիտի մրցույթները կանխորոշված են և դրանցում շարունակ հաղթում է իր զարմիկին պատկանող ընկերությունը. «Հասկանում եմ ձեր ակնարկը, բայց զարմիկիս հետ առանձնապես մտերիմ հարաբերությունների մեջ չեմ, իսկ ընկերությունն ընդհանրապես նրա կնոջ` Անուշիկի անունով է գրանցած»:

Հանձնաժողովի նախագահը «պարզապես ծիծաղելի» որակեց պնդումները, իբր Եգիպտոս կատարած հանձնաժողովի օգոստոսյան այցը ոչ նպատակային էր. «Օգոստոսը Եգիպտոսում նույնիսկ զբոսաշրջային սեզոն չի` անտանելի շոգ էր»: Նա վստահեցրեց, որ հանձնաժողովը այնտեղ ուսումնասիրում էր եգիպտացի գործընկերների բյուջեից մսխումները կանխարգելելու փորձը. «Այո պարզվեց, որ Շարմ Էլ Շեյխում, առանձնապես մեծ հակակոռուպցիոն պայքարի փորձ չկա` հիմնականում բոլորը հյուրանոցային ոլորտի կամ լատինո պարերի մասնագետներ են, բայց ո՞րտեղից հանձնաժողովը դրա մասին իմանար, եթե դա մեր առաջին այցն էր: Այ երկրորդ այցը իրոք մի փոքր ավելորդություն էր», — ընդունեց Տիրատուրյանը:

Հանձնաժողովը հետամուտ կլինի մսխումների մնացած դեպքերը բացահայտելու գործին. նախագահի կարծիքով այն առավել արդյունավետ կլինի, եթե իրեն թույլ տան թիմում ընդգրկել մի քանի հավատարիմ մարդկանց և սահմանել ավելի մրցակցային աշխատավարձեր:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.