Press "Enter" to skip to content

Հ1-ը որոշեց՝ Եվրատեսիլ 2020-ում Հայաստանը կներկայացնի Աշոտյանի տրիոն

ԵՐԵՎԱՆ — Հանրային հեռուստատեսության որոշմամբ Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի երգահան Արմեն Աշոտյանի երաժշտական տրիոն։

«Եթե մի կողմ դնենք քաղաքական տարաձայնությունները, ապա պետք է փաստենք, որ 2019թ. ամենավիրուսային տեսահոլովակը արտադրել է հենց Աշոտյան-Շարմազանով-Սահակյան կրտսեր տրիոն։ Եթե նրանք չէ, ապա ո՞վ»,- նշեց հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի նախագահ Արա Շիրինյանը։ Դեռևս պարզ չէ ինչ նոր երգով է ելույթ ունենալու եռյակը Ռոտերդամում։

«Այս պահին ունեմ 3-4 պատրաստի երգ, սակայն չգիտեմ, որքանով են դրանք «Եվրատեսիլի ֆորմատ»,- շեշտում է խմբի պրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար Արմեն Աշոտյանը. «մեկը պանկ ռոք ոճում է, բայց Շարմազանովի բարձր նոտաները դեռևս բավականին թույլ են, մյուսը ավելի շատ դաբսթեփ է, սակայն Գալուստիչը այդ կրակը չունի»։

Աշոտյանը խոստանում է զբաղեցնել առնվազն 8-րդ տեղը, իսկ, եթե հաջողվի եռյակի տղաներին իմիջային կտրուկ փոփոխությունների ենթարկել, գուցե անգամ 4-րդ տեղ։ «Բացի լավ երգից, լավ շոու է հարկավոր՝ դինամիկ, երիտասարդական և, իհարկե, կրքոտ ու սեքսուալ։ Գուցե Կարեն Ավագյանին խնդրենք միանա մեզ ու դառնանք քառյակ»,- կիսվեց պլաններով տրիոյի ֆրոնթմեն Աշոտյանը։

One Comment

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.