Press "Enter" to skip to content

Կառավարության Փարիզ կատարած այցի արդյունքում ծախսվեց 66.000$ և կապերը ջերմացան ևս 2.3%-ով

«Մեծ ծախսերը տպավորել և ավելի են ջերմացրել հայ-ֆրանսիական եղբայրությունը», - կառավարություն
«Մեծ ծախսերը տպավորել և ավելի են ջերմացրել հայ-ֆրանսիական եղբայրությունը», — կառավարություն

ԵՐԵՎԱՆ — Կառավարության պատվիրակությունը վարչաետի գլխավորությամբ հուլիսի 5-ին մեկնել էր Ֆրանսիա` հայ-ֆրանսիական հարաբերություններերին լրացուցիչ ջիգյար հաղորդելու նպատակով: Այցի ծախսերը հպարտությամբ փակել է ՀՀ ժողովուրդը:

«Գիտեմ, գիտեմ, հիմա թռնելու եք մեր դեմքին այդ այցի ծախսերի հետ կապված, բայց իզուր», — նախահարձակ է լինում կառավարական այցի կազմակերպչական ժամանակավոր հանձնաժողովի մատակարարման պատասխանատուի երրորդ տեղակալի խոսնակ Մստիսլավ Ֆունտը:

«Ահագին բան մեր գրպանից ենք փակել: Օրինակ` Դիսնեյլենդը», - կառավարության խոսնակ
«Ահագին բան մեր գրպանից ենք փակել: Օրինակ` Դիսնեյլենդը», — կառավարության խոսնակ

«Սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած միջպետական այց կատարվում է բյուջեի հաշվին և ենթադրում է կարևոր միջպետական հարաբերությունների ռամսեր», — շարունակեց Ֆունտը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու է այցը կազմակերպվել կիրառելով «բիզնես կլաս» տեղափոխման թանկանոց տարբերակը մինչդեռ ՀՀ թոշակառուների զգալի մի մաս շարունակում է հացին «կակա» ասել, Ֆունտը պատասխանեց. «Դա թասիբի հարց է: Հո բոմժ չենք, որ տնտեսենք մեր կալիբրի չինովնիկների տրանսպորտի վրա»:

Գրեթե նույն պատասխանը եղավ այն հարցին, թե ինչու վերջերս Չեխիա այցի ժամանակ կառավարությունը ծախսել էր 6 մլն դրամ նվերների վրա` ներառյալ արծաթե բաժակներ: «Դե ի սկզբանե նախատեսել էինք պլատինե բաժակներ, բայց հետո հիշեցինք, որ երկրում 40% աղքատություն կա ու որոշեցինք արծաթե բաժակներ առնել… Այ էդ խղճի տեր, էդ մարդկային տեսակի տիրակալ կառավարություն ենք», — տեղը վերադարձրեց լրագրողների պոռտը Ֆունտը: