Press "Enter" to skip to content

Նախախորհրդարանի անդամներին ազատ արձակեցին մինչև Նոր տարի

«Էռնեք բոլոր հեղափոխականները սենց համով ու անշառ լինեին», - ոստիկանություն:
«Էռնեք բոլոր հեղափոխականները սենց համով ու անշառ լինեին», — ոստիկանություն:

ԵՐԵՎԱՆ — Այսօր ազատ են արձակվել «Հարյուրամյակը առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները: Ռեժիմը խոստանում է այլև երբեք չձերբակալել ակտիվիստներին, եթե իհարկե չլինի կարևոր միջոցառում կամ տարելից:

«Մեկ էլ կարողա Նոր տարուն մի 3-4 օրով նստացնենք` զուտ ավելորդ գլխացավից ազատվելու համար… Մարդ ես` կարողա միտինգ որոշեն անել, իսկ մենք հեչ տրամադրված չենք աշխատելու տոներին», — բացատրեց Նախախորհրդարանի գծով ոստիկանության հատուկ ներկայաուցիչ Աբել Նիստուկյանցը:

Նիստուկյանցի խոսքով իրավապահներին ոչ մի հաճույք չի պատճառում Նախախորհրդարանին բանտարկելը, այլ նույնիսկ վնասում է. «Մենք կարող էինք այդ էներգիան և ջանքերը Նախախորհրդարանի վրա վատնելու փոխարեն ուրիշ` ավելի լուրջ ակտիվիսների նստացնել կամ  պատժել»:

«Հաջորդ ակցիան կարող է լինել «Իրինա Ալեգրովայի համերգը առանց ռեժիմի»», - նախախորհրդարան
«Հաջորդ ակցիան կարող է լինել «Իրինա Ալեգրովայի համերգը առանց ռեժիմի»», — նախախորհրդարան

Իսկ այդ ընթացքում Նախախորհրդարանը ծրագրում է վերանվանել «Հարյուրամյակը առանց ռեժիմի» նախաձեռնությունը: Այս պահին սեղանին դրված է չորս առաջարկ` «Հարյուրմեկամյակը առանց ռեժիմի», «Առաջին հայկական տիզեզերանավի կառուցումը առանց ռեժիմի», «Հեռուստատեսության թվային համակարգի անցումը առանց ռեժիմի» և ավելի քիչ հավանական «Քիմ Քարդաշյանի հաջորդ այցը առանց ռեժիմի»:

Արժույթի միջազգային հիմնադրամը  կոչ է արել Նախախորհրդարանին հաջորդ մեծ բողոքի միջոցառումը անել կառավարությանը տրվելիք վարկի շրջանակներում: «Հաջորդ տարի մենք տրամադրելու ենք հարյուր միլիոն եվրո վարկ», — նշում է հիմնադրամի տնօրեն էն բոյով կինը, -«թող ակցիա անեն` “ԱՄՀ նոր վարկի ստորագրման արարողությունը առանց ռեժիմի”: Կուզենանք նոր դեմքեր լինեն վարկ ստացողները… հներից հույս չունենք, որ երբևէ կվերադարձնեն…»:

Ինչ վերաբերում է ազատազրկվածներին բաց թողնելուն, ոստիկանությունը բացատրում է, որ այդ հարցում հիմնական դերը խաղաց նախօրդ օրը` մայիսի 3-ին, կազմակերպված երթը հանուն քաղբանտարկյալների ազատության: «Այդ քսան հոգու խիզախ ակցիան ստիպեց, որ մեր սրտերը հալվեն և… մենք… ախշ շատ սրտաճմլիկ էր տեսնել այդ քիփլիկ և նուրբիկ չափսերի բողոքի երթը: Մեր լեյտենանտներից մեկը նույնիսկ արտասվեց…», — բացատրում է ոստիկանության` Նախախորհրդարանի գծով պատասխանատուն: