Press "Enter" to skip to content

Խոշոր բիզնեսները միշտ ցանկացել են հարկերը վճարել, ուղղակի առիթ չի եղել

Խոշոր գործարար. «Ես էլ էսքան տարի մտածում եմ էս ավելորդ փողը ինչ անեմ»
Խոշոր գործարար. «Ես էլ էսքան տարի մտածում եմ էս ավելորդ փողը ինչ անեմ»

Իշխանությունները շարունակում են ստուգումները խոշոր ձեռնարկատիրություններում, որոնք հաճախ պատկանում են հենց իշխանական թևի պատգամավորներին: Իրենք` խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, միաձայն պնդում են, որ ողջունում են ստուգումները: «Ես առաջ էլ բոլոր հարկերը կվճարեի, ուղղակի հարմար առիթ երբեք չէր եղել: Այ եթե մի կես բերան, սենց հստակ ակնարկեին, մեծ հաճույքով բոլոր հարկերը կմուծեի», — բացատրում է ԱրտեմՇին ընդ Արտեմ ընկերության տնօրեն Արտեմ Արտեմյանը, ով պետք է վճարի մի քանի միլիոն դրամի տույժ:
«Պետք է հաշվի առնել իմ նախկին արածները էս երկրի համար: Ես աներձագ եմ ունեցել, որ հարկայինում տեղակալ մարդ էր, բայց նույնիսկ էդ ընթցքում ինչ-որ չափ հարկ մուծել եմ: Ո՞վ իմ տեղը կվճարեր», — շարունակում է պատգամավոր-գործարարը:
Ֆինանսների նախարարությունը այժմ պատրաստում է մի շարք սոցիալական գովազդներ, որոնք ևս մեկ անգամ կհիշեցնեն խոշոր գործարարներին հարկերը ամբողջությամբ վճարելու կարևորությունը: «Իհարկե մարտահրավեր էր, թե որտեղ ցուցադրել հոլովակները, որ երաշխիք լինի, որ հենց խոշոր գործարարները կտեսնեն դրանք, բայց ձևը գտանք», — պատմում է ֆինանսների նախարարության քաջալերման մասնագետ Դավիթ Ալմազյանը: Հոլովակները կտեղադրվեն ռազմավարական վայրերում` ԱԺ բուֆետում, կցուցադրվեն Երևան-Դուբայ չվերթի ընթացքում, ինչպես նաև Պռոշյան փողոցում գտնվող ռազմավարական օբյեկտներում: Հոլովակներում երկու հետաքրքրաշարժ մուլտհերոս բացատրում են, որ հարկերը պետք է վճարել ամբողջությամբ, հակառակ դեպքում հարկային մարմինները կարող են մի քանի միլիոն դրամի տուգանքներ գրել` անկախ նրանից, թե ով ում բարեկամն ու ծանոթն է:

«Մի քիչ իհարկե սառը ցնցուղի նման էր էս նորությունը, բայց եթե օրենքը փոխվել է, պետք է վճարենք», — նշում է ԳագԷլիտԳռուփ ՍՊԸ տնօրեն Գագիկ Վասակյանը, — «Ուղղակի ստացվում է` իզուր տղայիս ամուսնացրեցի մեր հարկային տեսուչի հետ»: Հոլովակների ազդեցությունը ակնառու է արդեն այսօր` հարկային մարմինների դիմաց նկատվում են խոշոր բիզնեսմենների աննախադեպ կուտակումներ` շատերը պատրաստ են լրացուցիչ մի քանի հարկ վճարել տեսուչի այցը արագացնելու համար: