Press "Enter" to skip to content

Օրինաց երկիրը կստեղծի ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների ռեաբիլիտացիոն կենտրոն

«Դեպի ՀՀԿ սիրտ ճանապարհը ընկած է ՕԵԿ-ի միջով», - ժողովրդական խոսք
«Դեպի ՀՀԿ սիրտ ճանապարհը ընկած է ՕԵԿ-ի միջով», — ժողովրդական խոսք

ԲՀԿ-ից զանգվածային արտահոսքը և ակնհայտ հետաքրքրությունը ՕԵԿ-ի նկատմամբ հանգեցրել են նոր մշակութային օջախի ստեղծման` «նախաՕԵԿարան»: ՆախաՕԵԿարանը ընդունելու է ԲՀԿ-ից մազապուրծ եղած պատգամավորներին և պատրաստելու է նրանց իշխանության գիրկը վերադառնալուն:

Կենտրոնի ստեղծումը ողջունել է հոգեբան Կարինե Նալչաջյանը. «Ես Կարինե Նալչաջյանն եմ, և ես ողջունում եմ կենտրոնի ստեղծումը», — նշել է Կարինե Նալչաջյանը իր ողջույնի խոսում:

Հոգեբանը նաև նշել է, որ շատ կարևոր է միջանկյալ օղակի առկայությունը «այլընտրանքից» դեպի իշխանություն վերադարձի ճանապարհին: «Շատ կարևոր է միջանկյալ օղակի առկայությունը «այլընտրանքից» դեպի իշխանություն վերադարձի ճանապարհին», — ասել է Կարինե Նալչաջյանը իր նշումի մեջ և հավելել. — «Միանգամից իշխանություն մտնելը չափազանց մեծ շոկ է, և այդ քայլ առ քայլ մոտեցումը մշակութային կենտրոնի միջոցով շատ լավ է ԲՀԿ-ի մազապուրծ պատգամավորների հոգեբանության համար»:

«ՕԵԿ-ը ոչ թե ընդդիմադիր, այլ նախաիշխանական հոգեվիճակում է», - Նալխաջյան
«ՕԵԿ-ը ոչ թե ընդդիմադիր, այլ նախաիշխանական հոգեվիճակում է», — Նալխաջյան

ՆախաՕԵԿարանի համանախագահ Օնիկ Մնացականունցը ասում է, որ կենտրոնում լինելու են հատուկ «սինխրոն քվեարկության» թեմատիկ խաղեր/դասընթացներ, ամեն ուրբաթ կլինեն հանդիպումներ ՀՀԿ պատգամավորների հետ, իսկ կիրակի օրերին կենտրոնի մասնակիցները կնստեն ընդհանուր սեղան իրական պաշտոնյաների հետ և կվայելեն Գալուստ Սահակյանի քաշած թթի օղին:

Մեր այն հարցին, թե ինչու ԲՀԿ-ականները որոշեցին անդամակցել ընդդիմադիր դաշտում գտնվող ՕԵԿ կուսակցությանը նախաՕԵԿարանի մամուլի քարտուղար Զավեն Գինդենբուրգը պատասխանեց. «Ես չեմ ուզում բացել փակագծեր, բայց շուտով մի փոքր անակնկալ ենք պատրաստում, որը պարզ կդարձնի, որ իրոք արժեր միանալ հենց մեզ: Դե համ էլ… Ոնց-որ… փորձը ցույց ա տալիս, որ արժի մտնել ՕԵԿ, եթե ապագայում իշխանական լծակ ես ուզում»:

Կենտրոնի այցելուները մեծ գոհունակություն են հայտնում անձնակազմին. «Մեզ այստեղ շատ լավ են վերաբերվում` օրական երեքանգամյա սնունդ, կիրակի օրն էլ Մաեստրոյի քաշած թթի օղի… Էլ ի՞նչ կարող է ուզենալ նախկին այլընտրանքային պատգամավորը»:

ՀՀԿ-ն ևս ողջունել է նախաՕԵԿարանի ստեղծումը` նշելով, որ կոռեկտ չէր լինի միանգամից անդամակցել ՀՀԿ-ին: «Մի քիչ շատ կզռռար, եթե ԲՀԿ-ից միանգամից մտնեին ՀՀԿ: Կարծում եմ` կարևոր է այդ միջանկյալ անցումային փուլն անցնելը», — բացատրել է ՀՀԿ խոսնակը:

5 Comments

  1. Haik Torosyan via Facebook Haik Torosyan via Facebook 17/03/2015

    Այո, նրանց կբուժեն ու կդարձնեն օճառամոլ 🙂

  2. Ողջույններս, ոնց էի կարոտել ձեր սոււււր ու հանճարեղ ՀՈՒՄՈՐԻՆ։
    ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Մեկնաբանությունները փակ են.