Press "Enter" to skip to content

Իշխանությունը կոչ է անում փետրվարին երկու աստիճանով բարձրացնել ջեռուցման կաթսաները

«Ընդամենը մի քանի թեթև կտոց կաթսային հուժկու զարկ կհաղորդեն դաշնակցային հարաբերություններին», — հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ — Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական հանձնաժողովը կոչ է արել հայաստանցիներին աջակցել Ռուսաստանին ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Հանձնաժողովը հորդորել է բոլոր քաղաքացիներին ջեռուցման կաթսաները գոնե երկու խազ բարձրացնել փետրվարին:

Հանձնաժողոի նախագահ Պետրոպավել Մերձունցը ընգծում է, որ այս դժվարին պայմաններում անհրաժեշտ է աջակցել ռազմավարական դաշնակիցներին: «Չեմ ասում տասն աստիճան, բայց գոնե երկու-երեք խազ բարձրացրեք, որ էդ մարդիկ տենան, որ վիզ ենք դնում իրենց համար», — բացատրեց Ստրկունցը:

Նախաձեռնությանը միանգամից արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. «Վախխխ, ստրիցս էր», — նշել է Բաբուխանյանը, — «Ես ամեն դեպքում պատրաստվում էի տենց մի բան անել Ռուսաստանի համար, բայց կոնկրետ մտքովս չէր անցնում, որ էս տիպի բան կարելի ա մտածել: Շատ լավ ու դաշնակցային միտք ա»:

Ընդդիմությունը և այլընտրանքը կտրականապես դեմ են արտահայտվել նախաձեռնությանը: «Սա պարզապես խայտառակություն է», — նշել է ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, — «Ոչ պակաս քան չորս խազ: Եթե լուրջ ենք վերաբերվում այդ ռազմավարական հարաբերություններին, ապա պետք է ավելի լուրջ լումա ներդնել: ԲՀԿ գրասենյակում, օրինակ, մենք սեպտեմբերի մեկից միացրել ենք կաթսաները, իսկ դեկտեմբերից բարձրացրել ենք ամենատաքի վրա»:

«Մերսի, ժող ջան.. մերսի.. թե էս ձմեռը խի սենց տաք եղավ..», - Գազպրոմի նախագահ
«Մերսի, ժող ջան, մերս… Ռուսը լավ խոսք ունի` սպասիբո», — Գազպրոմի նախագահ

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ավելի զուսպ է արտահայտվել նախաձեռնության վերաբերյալ. «Եկեք աբսուրդի չվերածենք այս ամենը… Այո, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց ճգնաժամը նաև մեր մոտ է: Այնպես որ` մեկ աստիճանից ավել բարձրացնել պետք չէ»:

Խորհրդարանական հանձնաժողովը նախատեսում է նաև մի շարք այլ միջոցառումներ` մի փոքր ավել վճարել բենզին լիցքավորելիս, շաբաթական գոնե մեկ անգամ օգտվել երկաթուղուց, հիմիկվանից գնել հաջորդ Նոր տարվա  մոսկովյան կոնֆետների պաշարը: