Press "Enter" to skip to content

Ոստիկանությունը վստահեցնում է` վերջին ամսվա բռնությունը չի կրի համակարգային և երկարատև բնույթ

Բռնռւթյունների նվազումը կզգացվի արդեն 2015-ի սկզբում
Բռնռւթյունների նվազումը կզգացվի արդեն 2015-ի սկզբում

ԵՐԵՎԱՆ — Վերջին շրջանում մի շարք քաղաքական և քաղաքացիական գործիչների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել ոստիկանությունը: Իրավապահները վստահեցնում են, որ վերադարձ դեպի երկարաժամկետ վախի մթնոլորտ չի նախատեսվում:

«Մեզ բոլորիս շատ մտահոգել են վերջին շրջանի հարձակումները քաղաքական գործիչների վրա, սակայն պետք է հիշել, որ դրանք առանձին դեպքեր են և չեն կրում համակարգային բնույթ», — նշված է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ:

«Գուցե մենք չենք կարող երաշխավորել, որ կգտնվեն և կպատժվեն այս բռնությունների բոլոր կազմակերպիչները, բայց հստակ կարող ենք ասել, որ սա չի կրելու երկարաժամկետ և համատարած բնույթ: Հնարավոր է տարվա մեջ մեկ-երկու անգամ սենց բաներ լինեն, բայց ոչ մի դեպքում սա ավանդույթ չի դառնա», — սփոփում է հաղորդագրությունը:

«Համեմատեք մի տասը տարի առաջվա հետ կամ մի յոթ տարի առաջվա հետ: Հիշու՞մ եք էն, որ լրագրողներին ծեծելը գրեթե ամեն շաբաթ էր լինում, իսկ ակտիվիստներից քաղաքում մի երկու հոգի էին` երկուսն էլ սփյուռքից: Այ դա չի լինելու: Հարյուր տոկոս: Միայն թեթև սենց էպիզոդիկ միջադեպեր», —  վստահեցնում է հաղորդագրությունը:

«Իհարկե մի փոքր անհամություն եղավ այն, որ բոլոր հարձակումները այդքան միանգամից ստացվեցին… Սակայն եկեք տարվա կտրվածքով նայենք: Դիտենք սա վիճակագրության տեսանկյունից. երեք դեպք մեկ տարվա ընթացքում այդքան էլ վատ չէ: Մանավանդ ընդամենը 24, թե 25 տարվա անկախություն ունեցող երկրի համար», — բացատրում է ոստիկանության հաղորդագրությունը:

«Բնականաբար իրավապահ համակարգը կանի հնարավորինս, որ հաջորդ տարի նման դեպքերը ոչ մի դեպքում այդքան իրար մոտ տեղի չունենան: Արդեն տրվել է հստակ հրահանգ, որպեսզի կանխվեն ցանկացած ավազակային հարձակումները, եթե դրանց արանքում չկա առնվազն երկու-երեք ամիս ինտերվալ», — մզզցնում է տարածած նյութը:

Չնայած հաղորդագրությունը չի մասնավորեցնում` երբ  են սկսվելու ժամանակային սահմանափակումները հարձակումների համար, սակայն անանուն աղբյուրները հաղորդում են, որ 2015-ի առաջին եռամսյակում արդեն հստակորեն կզգացվի, որ բռնությունները չեն կրում համակարգային բնույթ:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.