Press "Enter" to skip to content

ՀՀ արտգործնախարարությունը սպառնում է Wikileaks-ին հանձնել իրենց գաղտնի հաղորդագրությունները

ԱԳՆ-ը կարող է հրապարակել 20,000 էջ գաղտնի քֆուր

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ առաջիկայում կհրապարակվեն նաև հայ պաշտոնյաների գաղտնի հաղորդագրությունները, որտեղ շոշափվում են ԱՄՆ դիվանագետների անունները:

«Կարծեմ ԱՄՆ-ի գնահատականները և վերլուծությունները վիրավորական և անընդունելի են: Ամբողջական պատկերի համար, կարծեմ, ճիշտ կլինի դիտարկել նաև մեր պաշտոնական գաղտնի նամակագրությունը»,- ասել է Նալբանդյանը Շվեդիայի արտգործնախարարի հետ հրավիրված ասուլիսին (ի դեպ, ասուլիսի չափաձև էր ընտրվել նստակյաց տարբերակը):

«Կարծեմ մեր դիվանագետների գաղտնի կաբելները… վերցված odnoklassniki և facebook ցանցերից, շատ ավելի քննադատական են, իսկ մի քանիսը նույնիսկ հայհոյանքներ են պարունակում: Սակայն եթե Wikileaks-ը ևս մեկ նյութ հրապարակի մեր մասին, մենք անմիջապես կհրապարակենք մերը»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Առանձնահատուկ վրդովմունք է արտահայտել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որի առաջնորդի անունը հաճախ է շոշափվել գաղտնի նամակներում: Կուսակցության առաջնորդի խոսնակի ավագ ներկայացուցիչ Ժորիկ Պողոսյանը ԱՄՆ դեսպանատանը կոչ է արել քողազերծել գաղտնի նամակներ, որոնք հերքում են Wikileaks-ի հրապարակած նամակագրությունը:

«Եթե ԲՀԿ-ին վերաբերող նյութերը չգաղտնահերքվեն, չենք բացառում, որ մոտակա օրերին հրապարակենք կուսակցության գաղտնի sms-ները, որոնցում քննադատվում են ԱՄՆ-ի դիվանագետները»,- ասել է Ժորիկ Պողոսյանը:

Իր հերթին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայ պաշտոնյաներին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Բաքվում ԱՄՆ դեսպանատան գաղտնի կաբելներին, որտեղ շատ ավելի սուր հեգնանքով են ծաղրվում Իլհամ Ալիևն ու ադրբեջանական օլիգարխները:

«Wikileaks-ի կողմից կոռեկտ չէր հրապարակել Անժելա Սարգսյանի նկարները», - Սահակյան

Երեքշաբթի հրավիրած ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձավ ամենասուր հարցին` 2008 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի հավաքած ձայներին, որոնք, ըստ ամերիկացի դիվանագետների,  ոչ թե 20% էին, այլ 30-35%:

«Այդ նկարները ես անձամբ չեմ տեսել ու դեմ եմ, որ մարդիկ քննարկեն ուրիշների անձնական սեռական կյանքը: Իմ խորին խորհուրդը սա է» — ասաց Սահակյանը՝ նախքան կտեղեկանար, թե ինչ թեմայով է հրավիրված ասուլիսը:

«Հա, իսկ էդ ընտրությունների մասով… իհարկե, դա ամերիկացիների սուբյեկտիվ կարծիքն է, որի հիմքում ընկած է նրանց հրեամասոնական լոբին»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ ինքն արդեն պարզաբանումներ է ստացել ԿԸՀ-ից:

«Ես հենց այսօր նորից զանգահարել եմ ԿԸՀ, և պարոն Ազարյանը վերահաստատեց, որ հաստատ 20% էր ստացվել: Նա հաստատեց, որ անձամբ ինքն էլ չի տեսել այդ նկարները և ընդհանրապեսչի դիտում Արմենիա TV-ի սերիալները», — մանրամասնեց Սահակյանը:

Վիկիլիքսյան բացահայտումներից դժգոհ էր նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը/տիչը: «Իմ մասին գրված նյութերի փոքրաթվությունը նվաստացուցիչ է իմ կալիբրի քաղաքական գարծչի համար: Ինչ, դժվա՞ր էր՝ մի երկու բան էլ իմ մասին գրեին»,- վրդովված նշեց այդ կալիբրի գործիչը:

Շատ հավաստի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ում Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ձյունիկ Աղաջանյանը արդեն բանակցություններ է սկսել է Wikileaks-ի փաստաբանների հետ՝ նրանց խնդրելով հրապարակել նաև հայկական կողմի գաղտնի բամբասանքը:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer