Press "Enter" to skip to content

9–ամյա Աշոտիկին շուտ կանչեցին տուն

by Narek

Ժպիտները չեն կարողանում թաքցնել բակի լարված իրավիճակը

Այսօր Քանաքեռ–Զեյթուն համայնքի բակերից մեկում մայրը տուն կանչեց 9–ամյա Աշոտիկին ժամը 7–ի շրջանում չնայած, որ սովորաբար Աշոտիկին տուն են կանչում մութն ընկնելուց հետո։ Ականատեսների խոսքերով Աշոտիկը փորձեց տեղում կիրառել «լավ էլի մամ, մի քիչ էլ խաղամ» և «էս օյինն էլ խաղամ, գամ» դասական հնարները, սակայն մայրը շարունակեց պնդել, և Աշոտիկը ստիպված էր նահանջել։ Մինչ հնազանդ փոքրիկը գլուխը կախ կատարում էր մոր  հրամանը, բակում առաջանում էին դժգոհություններ։

10–ամյա Գևորիկը չէր թաքցնում իր վրդովմունքը՝ «Մենք այգեպան էինք խաղում, երբ Աշոտիկը պարզապես վեր կացավ և գնաց։ Ո՞վ է խաղի կեսից գնում, ես կասկածում եմ, որ Աշոտիկի ծնողները հատուկ չեն թողնում նրան իմ հետ խաղալ, իմ պապան ընդդիմադիր է, իսկ իրա պապան ՕԵԿ-ական՝ երևի դա է պատճառը։ Տենց էլ չիմացանք ում վրա է սիրահարված Ծիրան Աշոտիկը։»

Մի փոքր բարկացած էր նաև 7 ամյա Մերիկոն, կամ Բալը ինչպես նրան այդ խաղի ընթացքում էին կոչում։ Աղջնակի խոսքերով նա սպասում էր, որ «օյ– ՞ինչ պատահեց– սիրահարվեցի, ու՞մ վրա» բառերից հետո Աշոտիկը վերջապես կխոստովաներ, որ սիրահարվել է Բալի, այսինքն հենց Մերիկոյի վրա։ «Ճիշտ է Աշոտիկը մեկ–մեկ շատ չար է իրեն պահում, բայց միևնույն է, ես սիրում եմ իրեն։ Գիտեմ՝ իմ դաշնակ հայրը ծանր կտանի, որ ես ՕԵԿ-ականի հետ ընկերություն անեմ, բայց սերը չի նայում, թե մարդ նոր ու առանց գաղափարախոսության կուսակցությունից ա, թե հին ու մեծ գաղափարախոսությունով։» – խոստովանեց փոքրիկը։

Հուսահատ էր 13 ամյա Վազգենչիկը՝ նա պատրաստվում էր այդ օրը մի փոքր ճնշել Աշոտիկին, այնուհետ վերցնել նրանից GTA 4 կոմպյուտերային խաղով սկավառակը և երբեվիցե չվերադարձնել այն։ «Դե ես փոքրերին միշտ էլ աշխատում եմ մի քիչ ճնշված պահել. թող իմանան ում հարգեն, ումից մի փոքր մրսեն։ Ու հարցը էստեղ նա չի, որ հայրս նժդեհական գաղափարների համախոհ ա, այլ պարզապես Աշոտկը պետք է հիմիկվանից սովորի մեծ ու փոքր տարբերել։ Իսկ էդ դիսկը մի ուրիշ օր կխլեմ նրանից՝ վաղը ոնց էլ լինի իջնելու է բակ, էսօր Մերիկոյի прыгалка–ն կվերցնեմ։» – կիսվեց պլաններով ադեն իսկ գրանցված և ընտրություններին 8 անգամ քվեարկած հանրապետական Վազգենչիկը։

Վիգենը ունի X-Box, Wii, GameCube, Playstation 3 և շատ ընկերներ

Բակում լարված իրավիճակը կարողացավ մի փոքր լիցքաթափել 11–ամյա Վիգենը։ Ի դեպ Վիգենին բակում այլևս  ոչ ոգ չի դիմում Վիգենչիկ անունով։ Համաձայն ասեկոսների վերջին երեխային, ով նրան դիմեց Վիգենչիկ անունով, մեկ ժամ փակել էին ավտոտնակում, որտեղ բնակվում Ջեկոն՝ Վիգենենց շունը։ Վիգենը բոլոր երեխաներին հրավիրեց իրենց տուն Playstation 3 խախալու։ «Ես տեսա, որ նեղվել էին երեխաները Աշոտիկի գնալու պատճառով ու ասեցի թող գան մեր տուն, մի քիչ թազա Mortal Kombat–ը խաղանք, իմ Fatality–ների վրա աշխատեմ։ Գևորիկն էլ թող գա մեր տուն, ինչ անենք, որ հայրը ընդդիմադիր ա, կարողա մեր բասեյնը կտեսնի մի երկու բան կհասկանա։ Թող սաղ իմանան, որ Վիգենը մեծահոգի տղա է։» – պարզաբանեց Վիգենը։

Մեկ մեկնաբանություն

  1. Ira Ira 04/12/2010

    looooooool

Մեկնաբանությունները փակ են.