Press "Enter" to skip to content

ՕԵԿ-ը կրկին հիշացնում է, որ հաղթանակից մի փոքր առաջ միացել էր շարժմանը

«Օր ու գիշեր սպասում ենք զանգի, մեսիջի, Viber-ով հաղորդագրության ու անգամ PM-ի նոր կառավարությունից»

ԵՐԵՎԵՆ — Օրինաց երկիր կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հիշեցնում է նոր իշխանություններին, որ իրենք էլ էին միացել շարժմանը, նախքան շարժման հաղթանակը։ «Ոչ թե մեկ, այլ երկու հայտարարություն ենք արել։ Առաջինը գուցե մի փոքր լղոզված էր, ասել էինք որ ժողովրդի հետ ենք, բայց երկրորդում հստակ ասել ենք, որ աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։ Արդեն մեկ ամիս է անցել այդ դեպքերից, բայց Օրինաց երկրի ներկայացուցիչները չեն ստացել ոչ մի պաշտոն նոր կառավարությունում։ Անգամ տեղակալի մամուլի խոսնակի տեղակալի պաշտոն։ «Սա շատ անհասկանալի է։ Ախր հստակ վիդեոներ կան, որտեղ երևումա, որ  մենք միանում ենք երթին։ Ճիշտա երթը մեզ տեսնելով փոխումա ուղղին, բայց հետո մենք էլի նրանց գտնում ենք ու միանում»,- զարմանքով պատմում է կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը՝ «հնարավոր է, որ մեզ զանգահարում են ու չեն ընկնում, կամ մեյլեր են գրում ու SPAM-ի մեջա ընկնում, դրա համար ուզում ենք խնդրել իշխանություններին գալ մեր գրասենյակ։ Մենք շուրջորյա հերթապահություն կսկսենք ու կսպասենք լավ լուրի պարոն Փաշինյանից»։ Շահգելդյանը խոստովանեց, որ վերջերս բաց թողնված զանգ ուներ փակ համարից ու տարակուսում է արդյոք դա Արարատ Միրզոյանն է եղել՝ «Իսկապես չհասցրեցի վերցնել հեռախոսը՝ սափրվում էի։ Մինչև հասա զանգն անջատվեց, իսկ փակ համարին հետ զանգել չի լինում։ Մի նշան տվեք»։