Press "Enter" to skip to content

Երկրում կտրուկ նվազում է հանրապետականների թիվը

Սուպերտանդեմի հեռանալը կարող է 2-3 հազարով նոսրացնել հանրապետականը

ԵՐԵՎԱՆ — Գիտնականներն ահազանգում են, որ Հայաստանում նկատվում է հանրապետականների թվաքանակի կտրուկ նվազում։ Բոլորովին վերջերս ՀՀԿ շարքերը լքելու մասին հայտարարեցին պատգամավոր (նեղ շրջանակներում հայտնի որպես գործարար) Արտակ Սարգսյանը և գործարար (նեղ շրջանակներում հայտնի որպես պատգամավոր) Սամվել Ալեքսանյանը։ «Եթե հենց այսօր մի բան չձեռնարկենք հանրապետականներին պահպանելու համար, վաղը նրանք կարող են հայտնվել Կարմիր գրքում»,- ահազանգում է մարդաբանության և սոցիոլոգիայի դոկտոր-պրոֆեսոր Վիկտոր Շաքարյանցը։

Հանրապետականներին այսքան տարիներ հաջողվում էր դոմինանտ քաղաքական տեսակ մնալ, քանի որ մյուս տեսակները ըստ էության միասնական չէին, ժամանակի հետ տրոհվում էին էլ ավելի մանր ենթատեսակների։ Սա նպաստում էր հանրապետականների պոպուլյացիայի ծաղկմանն ու առաջադիմությանը։ «Երկրում իրավիճակի փոփոխությունը խաթարեց բնության այդ նուրբ ու փխրուն բալանսը ու այսօր հանրապետականներին կորցնելը բավական իրատեսական տարբերակ է»,- նշում է Շաքարյանցը. «անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում հանրապետականները իրենց անվտանգ  ու անհոգ կզգան և կուսակցությունը լքելու ցանկությունը կվերանա։ Օրնակ, բոլորին 1-2 ամսով սանատորիա ուղարկել»։ Որոշակի առումով հանրապետականները քաղաքական դաշտի սանիտարներն էին, նրանք իրենց շարքեր էին ընդունում տարատեսակ անցանկալի տարրերի՝ թաղային հեղինակություններից մինչև շենքի լիազորներ ու վերահսկում էին նրանց։ Առանց այդ գործոնի, հնարավոր է քաոս։ Դոկտոր-պրոֆեսորի խոսքով առանց հանրապետականների հնարավոր է սերունդները մեզ չեն ների եթե մենք կորցնենք հանրապետականներին։