Press "Enter" to skip to content

Թերահավատ ֆեյսբուքցին պահանջում է ավելի աղմկոտ բացահայտումներ

Օգտատեր. «իբր թե երկրում իրավիճակա փոխվել»

ԵՐԵՎԱՆ — Վերջին շրջանի աղմկահարույց  բացահայտումները «Նորֆոլկ քոնսալթինգի» և Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգի» շուրջ բացարձակ չեն տպավորել Ֆեյսբուք օգտատեր Գուրգեն Միսակյանին։ Գուրգենը թերահավատորեն է մոտենում իշխանությունների կոռուպցիայի դեմ արվող քայլերին։ «Էս ամեն ինչը մանր-մունր շոուներ են, դուք մեծերին բռնեք պարոն Փաշինյան` մեծերին»,- ասվում է ֆեյսբուք ակտիվիստի վերջին ստատուսում։ Օգտատերը արդեն սպառնացել է հանել լայքը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուք էջից, եթե մոտակա շաբաթ ավելի հնչեղ բացահայտում չլինի։ «Ես սրա՞ համար էի տունը նստած լայքեր դնում հեղափոխության լայվերի տակ»,- գրում է նա 7,2 մլրդ դրամով ավելի քիչ հարկեր մուծելու դեպքի մեկնաբանություններում՝ «Եթե 100-150 միլիարդի բացահայտում չեք անում, իզուր ժողովրդին հույս մի տվեք»։

Ֆեյսբուք ակտիվիստի պնդմամբ երկրում իսկապես իրավիճակ կփոխվեր, եթե պետական պաշտոններին նշանակեին երիտասարդ, նոր դեմքերի, թարմ մտածելակերպով։ «Նայում եմ էս նշանակումներին ու ակնհայտ է մի բան՝ ես տպավորված չեմ։ Ինչու՞ օրինակ ինձ չեն նշանակել գյուղատնտեսության  նախարար կամ գոնե սպորտի»,- տարակուսում է ֆեյսբուք օգտատերը՝ «անցած տարվա իմ պոստը կարկուտների մասին 619 լայք էր հավաքել, որից 72-ը սրտիկ»։ Միսակյանը խորհուրդ է տալիս նոր իշանություններին լրջանալ ու իսկապես անցնել գործի՝ ձևական բաները դնելով մի կողմ։ «Պուտինի հետ են հանդիպում, հեսա վաղը մյուս օր էլ Թրամփի հետ կհանդիպեն… գործո՛վ զբաղվեք, պարոնայք»։