Press "Enter" to skip to content

Արմավիրի մարզպետարանը խոստացավ այս ամառ 8,4 մլն չծախսել օդորակիչների վրա

Պայմանավորվածություն կա յուրաքանչյուր սենյակում միացնել 3-ից ոչ ավել օդորակիչ
Պայմանավորվածություն կա յուրաքանչյուր սենյակում միացնել 3-ից ոչ ավել օդորակիչ

Արմավիրի մարզպետերանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց նախորդ տարի, երբ պարզվեց, որ էլեկտրաէներգիայի դիմաց վճարել է 8,4 մլն դրամ։ Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ սահմանային դեպքերը հաշվի առնելով, այս տարի կփորձեն մի փոքր ավելի խնայող լինել։ «Մի 6 կամ՝ առաստաղ 6,5 միլիոն լույսի փող ենք մուծելու, ոչ ավել»,- խոստացավ մարզպետը։ Նա նշեց, որ խնայողությունները առավելագույնի հասցնելու համար մարզպետարանում կազմվել է հատուկ հանձնաժողով, այն արդեն ընդունել է լույսի վարձը նվազեցնելու ճանապարհային քարտեզ, որը մեջբերում ենք ստորև.
ա) այս ամառ աշխատանքային ժամերի ավարտից հետո օդորակիչները կանջատվեն,
բ) այս ամառ աշխատակիցները մարզպետարան կգան ոչ թե ձմեռային, այլ ամառային հագուստով, ինչը զգալիորեն կհեշտացնի տապի դեմ պայքարը
գ) ի տարբերություն նախորդ ամռան, այս ամառ կանջատեն ջեռուցման կաթսաները (baxi-ները) ինչը զգալիորեն կնվազեցնի ջերմաստիճանը մարզպետարանում
դ) կօգտագործվեն «սկվոզնյակ» մակնիշի զովանալու պապական միջոցներ
ե) օրեկան 8 բաժակ տաք թեյի փոխարեն աշխատակիցներին կառաջարկվեն զովացուցիչ ըմպելիքներ։ Ճաշարանի մենյույից «Ր» տառ չպարունակող ամիսներին դուրս կգա խաշը։
Մարզպետը նշեց, որ անգամ եթե չլիներ սահմանային սրացումը, միևնույնն է այս տարի 8 միլիոնը չէին գերազանցելու։ «Բայց քանի որ նման վիճակա, իրոք բոլորս պետք է գոտիները մի փոքր ձգենք։ Մյուս կողմից անցած տարի իրոք անտանելի շոգ էր», — ամփոփեց Ղահրամանյանը։

Մեկ մեկնաբանություն

  1. Տղերք ջան, մի քանի հաղորդումներում լավ քլնգում էիք բյուջեի մսխումները: Կարող ա վերեւներից բան-ման ասող ա եղել, որ էլ չշարունակեցիք ? …

Մեկնաբանությունները փակ են.