Press "Enter" to skip to content

Հայաստանը խնդրել է ԵԽԽՎ-ին նիստերը համապատասխանեցնել նոր iPhone-ի ռելիզներին

Սա պարզապես խնդրանք չէ, այլ կենսական անհրաժեշտություն։
Սա պարզապես խնդրանք չէ, այլ կենսական անհրաժեշտություն։

Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում դիմում-նամակ է պատրաստել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և 318 պատվիրակներին՝ խնդրելով այնպես կազմակերպել Հայաստանին վերաբերող բանաձևերի քննարկումները, որ դրանք համընկնեն նոր iPhone-նների կամ iPad-ների վաճառքի մեկնարկների հետ։

«Օրինակ ներկայիս նստաշրջանի ժամանակ ոչ մի նոր գեջեթ չի թողարկվում, իսկ եթե սպասեին մինչև մարտ, հնարավոր է խանութներում արդեն հասանելի լիներ նոր iPad mini֊ին», — բողոքում է հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ «հանկարծ չմտածեք, որ մենք այս նամակը պատրաստելիս միայն մեր մասին ենք մտածել։ Մենք առաջնորդվել ենք այն հարյուրավոր մարդկանց շահերով, ովքեր ամեն անգամ մեզ խնդրում են Ստրասբուրգից բերել iPhone կամ iPad»:

Սամվել Ֆարմանյանը, ով պատվիրակությանը միացել էր բոլորովին վերջերս, գտնում է, որ հարցի դրական լուծումը կարող է ամրապնդել հայ-ֆրանսիական առևտրային կապերը։ «Դուք իսկապես չեք պատկերացնի քանի հատ հեռախոս են խնդրում, որ ես բերեմ Ստրասբուրգից։ 1-2 գործուղում iPhone 7-ի ռելիզի ժամանակ ու Երևանի կեսի հեռախոսները կթարմացվեն», — բացատրեց պատգամավորը։

iPhone փորձելը կլիներ կոմպրոմիս, բայց այս իշխանությունների հետ կոմպրոմիսներն անհնար են
iPhone փորձելը կլիներ կոմպրոմիս, բայց այս իշխանությունների հետ կոմպրոմիսներն անհնար են

Պատվիրակության ընդդիմադիր անդամ Լևոն Զուրաբյանը թեև չցանկացավ մեկնաբանել դիմում֊նամակը, սակայն հաստատեց, որ ստորագրել է այն. «գիտեք ես որպես ընդդիմություն իհարկե Android օգտատեր եմ, բայց շատ կարևոր է, որ եվրոպացիների աչքերում պատվիրակությունը միասնական երևա, զուտ դրա համար եմ ստորագրությունս դրել։ Եթե 1 սիմվոլիկ այց էլ կազմակերպվի Galaxy S7֊ի թողարկման ժամանակ, ես անշուշտ կմասնակցեմ», — նշեց Զուրաբյանը։

Այս պահին ԵԽԽՎ ղեկավարության կողմից որևէ արձագանք չի ստացվել, սակայն այն փաստը որ տիկին Նաղդալյանը ընտրվել է վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում կարող է օգնել հարցը կարգավորմանը ի նպաստ հայկական կողմի։

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.