Press "Enter" to skip to content

Երևանի կենտրոնում հայտնաբերվել է կույս մնացած XIX դ. շենք /թարմացված/

Հարևան շենքերը թաքցված են անվտանգության նկատառումներով
Հարևան շենքերը թաքցված են անվտանգության նկատառումներով

Երեկ Երևանի կենտրոնում ակտիվիստներ-հետազոտողները հայտնաբերել են XIX դ. գեղեցիկ և բոլորովին կույս շենք, որը և հին Երևանի ժառանգություն է, և՛ հայկական ճարտարապետության հրաշալի օրինակ: Երկու հարկանի շենքը գտնվում է Փոքր կենտրոնի էլ առավել փոքր փողոցներից մեկում, սակայն ակտիվիստները հրաժարվում են բացահայտել կոնկրետ վայրը: «Մեզ համար էլ է շոկային, որ դեռ ոչ մի բանկ այս շենքը չի գնել իր հերթական մասնաճյուղը բացելու համար: Դժվար է պատկերացնել, բայց  շուրջը չկա «ավելի բարեկարգ Երևան» սպառնալիքով պաստառը, վրան մի 6-7 հարկ ավելացնելու պլաններ նույնպես չկան», — պատմում է շենքը առաջինը նկատած Սարգիս Մակարայանը:
Շենքը մինչ օրս մազապուրծ է եղել շուրջը կառուցված նորակառույցների շնորհիվ` նրանք այնքան բարձր են, որ շենքը տարիներ շարունակ վրիպել է թե քաղաքապետարանի` թե կադաստրի սուր աչքերից: «Պատկերացրեք շենքի վրա չկան գազի տգեղ խողովակներ, չկան ինտերնետի մալուխներ, ոչ մի պատշգամբ առաջ տրված չի, կտուրի վրա ոչ մի ապօրինի շինություն չկա: Նույնիսկ ավանդական Ozzy գրառումը ոչ մի պատի վրա չգտանք», — նշեց ակտիվիստ Մանան Մանուկյանը:
Ակտիվիստները խնդրում են դադարեցնել իրենց կաշառելու փորձերը, քանի որ միևնույնն է չեն բացահայտելու շենքի գտնվելու վայրը: «Այո, այս շենքը մի հրաշալի վայր է էն գերթանկանոց բրենդային խանութներից մեկը բացելու համար, որտեղ ամիսը մի հաճախորդ է մտնում: Շենքը ունի ամեն հարմարանք քաղաքի թիվ 1 սաունան դառնալու համար, կամ տարածաշրջանի լավագույն քաբաբանոցը, բայց միևնույնն է չենք ասի որտեղ է», — ամփոփեց ակտիվիստը:

Թարմացված` Այս պահի դրությամբ Երևանի մի քանի օլիգարխներ հայտարարել են 1-3 միլիոնի հասնող դրամական պարգևներ շենքի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցող քաղաքացիների համար: Հազարավոր Երևանցիներ փնտրում են առեղծվածային շինությունը: Ոստիկանությունը խորհուրդ է տալիս մոտակա 10 օրերի ընթացքում խուսափել Փոքր կենտրոնի տարածքով զբոսնելուց:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.