Press "Enter" to skip to content

Կառավարությունը կհակադարձի տնտեսական ճգնաժամին ալկոհոլի էժանացմամբ

Սկսնակ քաղծառայողները կօգտվեն առավել արտոնյալ գարեջրային հնարավորություններից
Սկսնակ քաղծառայողները կօգտվեն առավել արտոնյալ գարեջրային հնարավորություններից

ԵՐԵՎԱՆ — Երկուշաբթի կառավարության նիստում որոշվեց 2015-ին 25%-ով էժանացնել բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքների գինը երկրի տարածքում: Էժան ալկոհոլը միտված է նպաստելու ճգնաժամային փուլի մեղմացմանը:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստին ներկայացրեց հակաճգնաժամային միջոցների ողջ փաթեթը: «Նախ անհրաժեշտ է շտապ նվազեցնել օղու և գարեջրի գները», — բացատրեց Խաչատրյանը — «դա կհեշտացնի առավել խոցելի սոցիալական խավի վիճակը: Իսկ գարնանը արդեն դեպրեսիայից կհանենք նաև միջինից բարձր խավը` կէժանանա կոնյակն ու վիսկին», — նշեց Խաչատրյանը:

Անատոլի Վալեյանը` 47 տարեկան, էլեկտրիկ, կարծում է, որ միջոցը ընտրված է ճիշտ, սակայն մի փոքր ուշացած է: «Ասենք եթե անցած տարի մի 10% էժանացնեին, ժողովուրդը հիմա ոչ էլ տեղյակ կլիներ, որ ինչ-որ սոցիալական խնդիրներ կան: Իսկ հիմա քանի որ ուշացրել են, իրոք մինիմում 20-30% պետք է էժանացնել` հաղթահարելու այդ ճգնաժամային զգացումը», — բացատրում է Վալեյանը:

lebron-glasses
«Այս գեղեցիկ առիթից օգտվելով նաև ուզում եմ շնորհավորել ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը», — Ույոմբո

Համաշխարհային բանկը ողջունել է կառավարության նախաձեռնությունը և խոստացել է տրամադրել վարկ` ոգելից խմիչքի էժան ներմուծման համար: Բանկը սակայն կապել է վարկը արևմտյան շուկաներից ալկոհոլը գնելու հետ: «Բնականաբար վարկը տրվելու է արտոնյալ պայմաններով և ժողովուրդը չի զգա վարկի բեռը, քանի որ կլինի շատ հաճելի էյֆորիկ վիճակում», — բացատրել է ՀԲ Եվրասիական հարցերով ներկայացուցիչ Բունգո Ույոմբան:

Անանուն աղբյուրների համաձայն` կառավարությունը պատրաստում է նաև երկրորդ հակաճգնաժամային փաթեթը, որի շրջանակներում այն բնակիչները, որոնք կշարունակեն զգալ տնտեսական խնդիրներ, կանցնեն թերապեվտիկ մարիխուանայի կուրս: Թերապեվտիկ կուրսը կլինի ոչ պատրադիր, բայց պարտադրված այն բնակիչների համար, որոնք ամենաշատը կբողոքեն սոցիալ-տնտեսական պայմաններից:

Մեկ մեկնաբանություն

  1. Kamo Sevoyan via Facebook Kamo Sevoyan via Facebook 22/01/2015

    այ էս ուրիշ բանxdxdxd

Մեկնաբանությունները փակ են.