Press "Enter" to skip to content

2015թ.-ից հացը, մսեղենը, գրկախառնությունները ենթակա են դրոշմապիտակավորման

dtvtr
Պարզ չի որքան կարժենա գրկախառնությունը պիտակավորումից հետո

Ստվերի դեմ շարունակական պայքարի շրջանակներում կառավարությունը հրապարակել է հաջորդ տարվանից պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների ցանկը: Ամանորից հետո դրոշմապիտակներ կհայտնվեն հացաբուլկեղենի, մսեղենի, լվացքի փոշիների, գրկախառնությունների, ալյուրի և արևածաղկի սերմերի վրա: Բոլորովին անհասկանալի է գրկախառնությունների դրոշմապիտակավորման մեխանիզմը, քանի որ կառավարությունը չի նշել` ինչպիսի ընթացակարգով են դրոշմապիտակավորվելու գրկախառնությունները: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խոստովանում է, որ չի պատկերացնում` ինչպես է կառավարությունը վերահսկելու ոլորտը. «Այսինքն ի՞նչ պետք է անեն. մա՞րդ ուղարկեն ծնունդներին, կնունքներին, որ ստուգի` ով ում քանի անգամ գրկե՞ց: Բացարձակ հիմարություն ա սա»: Դեռ պարզ չէ, որքան կարժենա գրկախառնության դրոշմապիտակը, և արդյոք քանի գրկախառնություն կմտնի ՀՀ քաղաքացու սպառողական զամբյուղի մեջ:

Առավել մտահոգիչ է արևածաղկի սերմի մասին որոշումը, քանի որ այն պրակտիկորեն կվերացնի ավանդական օղու բաժակով վաճառվող արևածաղկի սերմերը: «Մենք տուփով չենք վաճառում տղա ջան, ամեն սեմուշկի վրա հո առանձին-առանձին չե՞նք կպցնի», — բողոքում է անհատ ձեռներեց տիկին Ամալիան:

Վերնիսաժի առևտրական ակտիվիստների համառ պայքարի արդյունքում այս տարի հնարավոր դարձավ այսպես կոչված սև ցուցակից հանել աչքուլունքը` վերնիսաժի ամենալայն սպառում ունեցող ապրանքատեսակը: «Չեմ ուզում աչքով տալ, բայց մյուս տարի էլ ենք պայքարելու, որ աչքուլունքը մնա առանց դրոշմապիտակի», — պատմեց առևտրական Վոլոդյա Մկրտչյանը:

Tanner
Այլևս չի կարելի նահանջել Tanner-ի առաջին տողից

Դրոշմապիտակների արտադրության ծավալները չափող Tanner միջազգային ամսագիրը Հայասատանը ճանաչել է համաշխարհային առաջատար: Հայաստանը զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 1-ին տեղը, մինչդեռ Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 27-րդ և 34-րդ տեղերը: Լուրը մեծ ոգևորությամբ են ընդունել կառավարությունում. էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Կարա-Աճեմյանը փաստեց, որ իրենց աշխատանքը վերջապես գնահատվել է միջազգային հանրության կողմից. «Շատ հաճելի է, որ առաջին տեղն ենք զբաղեցրել այս լրջագույն վարկանիշային աղյուսակում: Սա «երջանկություն», «աղքատություն» կամ այլ տեսակի վերացական բաներ չափող վարկանիշ չէ: Ստեղ կոնկրետ թվեր են հաշվի առել, և մենք միանշանակ առաջատար ենք ամբողջ աշխարհում»: