Press "Enter" to skip to content

Իվան Ահեղի գրասենյակը կուսումնասիրի Հայաստանի փորձը տուգանքների ոլորտում

ռվ
Իվան Ահեղ. «եթե 5-6 տարում հասնենք Հայաստանի հաջողությունների կեսին` շատ գոհ կլինենք»

Հայաստանի և 1565թ. Ռուսաստանի պայմանավորվածության շրջանակներում նոյեմբերի 12-ին Հայաստան կժամանանի ռուս պատվիրակությունը` տուգանքների ոլորտում Հայաստանի փորձը ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու համար: Ամենայն Ռուսիո ցար Իվան Ահեղը արդեն երկար ժամանակ է` հետաքրքվում է հայկական կողմի վարչական տուգանքների հայտնաբերման և գանձման մեխանիզմներով, այդ իսկ պատճառով Երևան է գործուղել երկրի առաջատար օպրիչնիկներին: Ռուսաստանի հիմնադիր ցարի գրասենյակը կապվել էր ՀՀ Կառավարության հետ դեռ սույն տարվա հունիսին և սկսել ուսուցողական այցի կազմակերպման շուրջ բանակցությունները: Փորձի փոխանակման ծրագրի կազմակերպման համար Կառավարությունը ստեղծել է ժամանակավոր հանձնաժողով, որը նախագահում է տրասպորտի և կապի նախարար  Գագիկ Բեգլարյանը: «Դժվարանում եմ ասել` ինչու կոնկրետ ինձ նշանակեցին նախագահ… Ինչևէ` պատրաստել ենք խիտ և հագեցած ծրագիր, որը կարծում եմ մեծապես կօգնի մեր գործընկերներին տուն տանել հայկական լավագույն փորձը», — նշեց նախարարը:

Քառօրյա այցի շրջանակներում ռուսիո օպրիչնիկները վերապատրաստում կանցնեն Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների բաժնում: «Սա ծրագրի առանցքային մասն է, քանի որ մենք 1565թ. Ռուսաստանում չենք կարողանում ապահովել ձեր տուգանքների ոչ արագությունը, ոչ ծավալը: Բացի դրանից, շատ հետաքրքրված ենք խոշոր գումարային տուգանքներով, ընթացակարգով, քանի որ մեր` ներկայիս ցիցերի հանելու ընթացակարգը վնասում է տնտեսությանը», — մեզ հետ հեռախոսազրույցում ասաց կրտսեր օպրիչնիկ Եմելյանը: Գառնի- Գեղարդ այցից հետո պատվիրակները կհանդիպեն ԴԱՀԿ գործընկերների հետ և կքննարկեն տուգանքներ չվճարելու հետևանքով նոր տուգանքներ ավելացնելու փորձը: «Ինձ մոտավորապես բացատրել են, որ Հայաստանում կարելի է կրկնակի տուգանել մարդուն, ասենք եթե սուրհանդակը առաջին տուգանքի մասին լուրը տեղ չի հասցրել: Սա հանճարեղ է», — գտնում է օպերլիազոր օպրիչնիկ Բորեսլավը:

Պատվիրակները մտադիր են Կազանում արդեն գարնանը քաոտիկ կայանած կառքերի դեմ կիրառել կարմիր գծերի ինստիտուտը, միակ խնդիրը կարմիր ներկի արտադրությունն է, որը 1565թ. Ռուսաստանում դեռ շատ թույլ է: «Իվան Վասիլյեվիչին այնքան է դուր եկել կարմիր գույնը, որ մտածում է լավ կլիներ ինչ-որ մի քաղաքում մի ամբողջ հրապարակ կարմիր ներկել», — մանրամասնեց հարկադիր կատարող օպրիչնիկ Ֆեդոտը:

Այցի վերջին օրը Ռուսիո պատվիրակությանը կհյուրընկալեն Մատենադարնում, այնուհետև «Առագաստ» սրճարանում, որտեղ հյուրերին կծանոթացնեն հայկական ջազի հետ:

3 Comments

  1. Mek el ete karelia knnarkeik inchi a tuganke tend arag erapatkvum u karapatkvum hanun kaxakacu oguti ee shahujti dd

  2. menak rusion che,tox amboxj ashxarhic gan orinak vercnen,techgiten sovorecnenq,te chen tesel cuyc ktanq te inchpes kareli e ays axqat u sovac yerkrum miliardner ashxatel,aysinqns petq e unenal maximum 3ban,vor ax-mert lini erkri prezident,unenas azgayin joxov yev ka-me-raaa,parzaa,,,

Մեկնաբանությունները փակ են.