ԵՐԵՎԱՆ — Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի հրապարակած հետազոտությունը առաջին անգամ մատնանշում է օլիգարխիայի ոլորտում տիրող անարդարությունները: Շուրջ երկու տարվա աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել եզրակացնել, որ Հայաստանում չկա գեթ մեկ կին օլիգարխ և չկա գեթ մեկ կին, որ մենաշնորհ կունենա: Չնայած տարեցտարի հայ կանայք ավելի ու ավելի պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում և երկրում ավելի է ամրապնդվում գենդերային հավասարությունը, այդ ոլորտը մնում է անփոփոխ:
«Անշուշտ մենք դատապարտում ենք թե՛ մենաշնորհները, թե՛ օլիգարխիան` որպես երևույթ, սակայն դա չի նշանակում, որ պետք է աչք փակենք հերթական «տղամարդաֆիկացված» ոլորտի վրա», — նշում է կենտրոնի նախագահ Կարինե Շահնազարյանը: Նրա կարծիքով` երկրում արհեստականորեն ստեղծվում են խոչընդոտներ. «Տղամարդիկ ունեն Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան և բազմաթիվ այլ փայլուն օրինակներ, ումից կարող են ոգեշնչվել, և ում կարող են փորձել նմանվել, իսկ կանայք նման ճոխ ընտրությամբ պարծենալ չեն կարող»:
Էկոնոմիկայի նախարարությունը արդեն արձագանքել է հրապարակված զեկույցին և առաջարկել է ստեղծել պիլոտային ծրագիր, որի առաջին փուլում իգական սեռի գործարարը կստանա մեկ ապրանքատեսակ ներկրելու բացարձակ մենաշնորհ: Այնուհետև նա կնշանակվի կամ կընտրվի երկրի կարևոր պաշտոններից մեկում և կսկսի չարաշահել պաշտոնը հոգուտ սեփական բիզնեսի առաջխաղացման: Եթե ծրագիրը հաջողվի, հնարավոր կլինի մինչև 2015թ. երրորդ եռամսյակ արձանագրել կին օլիգարխների 3,7% աճ:
Տիկին Շահնազարյանը ողջունում է նախաձեռնությունը, սակայն որոշակի վերապահումներով: «Մենք չենք ուզենա, որ սա դառնա ցուցադրական մի դեպք, հայտնվի միջազգային կառույցների զեկույցներում, և դրանով անելիքը համարվի ավարտված: Անհրաժեշտ է կոռուպցիոն համակարգի ընդլայնված վերանայում` այսօր կանայք կոռումպացված պաշտոնյաների ընդամենը 12% են կազմում»:
Եվրոպայի Խորհրդի մշտական ներկայացուցիչը Հայաստանում` Կարլո Գառնիգեղարդոն, այսպես մեկնաբանեց նախաձեռնությունը. «Մեր կանոնադրությունը, իհարկե, պահանջում է ողջունել ՀՀ իշխանությունների գենդերային հավասարությանը միտված ցանկացած քայլ: Մյուս կողմից օլիգարխիայի պահով` էլի համաձայն կանոնադրության, ստիպված ենք մտահոգություն արտահայտել: Եթե հակիրճ` ԵԽ-ն արտահայտում է իր ողջունելի մտահոգությունը»:
Pastatgtain hetazotutyan ardyunqum kin oligarkhnern de jure gerazancel en de fakto tgamard oligarqnerin