Press "Enter" to skip to content

Կինոմոսկվան հայտ է ներկայացրել պոպքորնի գները 64% թանկացնելու համար

Պոպ
Կինոմոսկվա. պոպքորնի թանկացումը մենք զսպել ենք արդեն 6 տարի

Այսօր կայացած ասուլիսում Կինոմոսկվայի տնօրինությունը տեղեկացրեց, որ հայտ է ներկայացրել հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով` պոպքորնի սակագինը 64%-ով թանկացնելու համար: «Հասկանում եմ, որ 64% թանկացումը կարող է շատ կտրուկ թվալ, բայց սա մեր քմահաճույքը չէ, այլ պայմանավորած է համաշխարհային շուկայում եգիպտացորենի գների աճով»,- բացատրեց կինոթատրոնի PR պատասխանատու Միսակ Սինեմյանը: Նրա խոսքով 64%-ը առաջին հայացքից է շատ մեծ թիվ թվում, սակայն իրականում պոպքորնի փոքր բաժինը կարժենա ընդամենը 820 դրամ: Կինոթատրոնի ներկայացուցիչը նաև հավելեց, որ նման թանկացումից խուսափելու ուղի կար` նրանք դեռ մի քանի տարի առաջ դիմել էին ՀՀ կառավարությանը  Կինոմոսկվա-Հայաստան միասնական մաքսային միություն ստեղծելու նախաձեռնությամբ, սակայն կառավարությունը հարցը ձգձգել էր:

Նախարարը
Նախարարը կոչ է անում լավատես մնալ

Իր հերթին ՀՀ կառավարությունը շտապեց տեղեկացնել, որ պետությունը պատրաստվում է սուբսիդավորել թանկացման 30%-ը: «Այո, մենք շատ լավ հասկանում ենք, որ պոպքորնի կտրուկ աճը կարող է էլ ավելի խորացնել աղքատությունը, ինչպես նաև խթանել լրացուցիչ արտագաղթ: Միաժամանակ պետք է հասկանալ, որ ՀՀ կառավարությունը չի կարող ազդել եգիպտացորենի օբյեկտիվ գների վրա: Դրա համար մեր սուբսիդիաների արդյունքում պոպքորնը կարժենա ընդամեը 670 դրամ` նշված 820-ի դիմաց: Կարծում եմ դա էական տարբերություն է»,- պարզաբանեց  ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը:

Մոսկվա կինոթատրոնը խոստանում է, որ թանկացման արդյունքում հնարավոր կլինի բերել ավելի լավ ֆիլմեր, ինչպես նաև «կապույտ» դահլիճի առաջին 3-4 շարքերում տեղադրել մեջքը ավելի քիչ ցավացնող աթոռներ, սակայն կինոթատրոնի կայքը կմնա անփոփոխ, քանի որ լավ աշխատող կայքի համար պոպքորնը պետք է արժենա ամենաքիչը 917  դրամ: «Էնպես չի, որ մենք խուսափոմ ենք բանակցություններից: Մենք պատրաստ ենք վերանայել սակագինը, եթե ՀՀ կառավարությունը թույլատրի  պոպքորնի վաճառքի ևս երկու ռազմակրպակների տեղադրումը մեր ցանկացած վայրերում»,- հավաստիացրեց Սինեմյանը:

5 Comments

  1. Marta Vardevanyan via Facebook Marta Vardevanyan via Facebook 17/05/2013

    լավն էր )))

  2. Tigran Tigran 17/05/2013

    Չեմ հասկանում, կինո Մոսկվան փողա աշխատում մենակ ադիբուդի ծախելով? բուդկայա, տատիկա, ինչա?

Մեկնաբանությունները փակ են.