Press "Enter" to skip to content

Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման, թրաֆիքինգի և, մասամբ, շաքարի մենաշնորհի մեջ

«Այո, այդ երեք մեղադրանքն են առայժմ և դա միայն նախնական brainstorm-ի արդյունքն է,» - ավագ քննիչ:

ԵՐԵՎԱՆ — Հայաստանի իրավապահ մարմինները հարցաքննության են ենթարկել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման, թրաֆիքինգի և շաքարի մենաշնորհի չարաշահումների հետ կապված: Նախկին նախարարի ենթադրվող ապօրինությունները առավել ակնհայտ են դարձել վերջին շրջանում ընդդիմադիր դիրքերից հանդես գալուց հետո:

Հատուկ քննչական ծառայության յուրահատուկ քննիչ Վազգեն Սարքյանցը ներկայացրել է լրագրողներին գործի որոշ մանրամասներ. «Այո, մենք ունենք հիմքեր կասկածելու, որ Վարդան Օսկանյանը ունի կասկածելի ծագումով եկամուտներ և  այժմ ուսումնասիրում ենք նրա բիզնեսները… դե այսինքն… նախ փորձում ենք գտնել դրանք:»

Քննիչը փաստարկեց, որ նախկին արտգործնախարարը «ինչ-որ շատ լավ է իրեն զգում ֆինանսապես» վերջին տարիներին և դա փորձում է համատեղել իշխանության նկատմամբ քննադատության հետ, ինչը հարուցել է իրավապահների հետաքրքրությունը:

«Մենք ի սկզբանե ունեինք մի քանի վարկած`  ապօրինի զենք, թրմամիջոցներ, գրանտակերություն, — նշում է քննիչը, — սակայն վերլուծության արդյունքում որոշեցինք, որ առաջինը վերջերս ենք օգտագործել, երկրորդը շատ պրիմիտիվ կլինի ու կզռռա, իսկ երրորդը, պարզվեց, ապօրինի չի»:

«Ռուսները լավ խոսք ունեն` "был бы человек, а статья найдется": Հիմա մեզ մոտ էդ ա,» - Օսկանյան:

Իրավապահների խոսքով նախկին արտգործնախարարը իր ստեղծած civilnet.tv ցանցում օգտագործում է սփյուռքահայ երիտասարդներ, որոնցից վերցնում են անձնագրերը և ստիպում են զբաղվել ժամանակակից ինտերնետային լրագրողությամբ:

Որպես օրինակ, քննիչը նշեց, որ իրենք հայտնաբերել են Ֆիլադելֆիայից ժամանած մի երիտասարդի, որին մեկ տարուց ավել աշխատացնում են civilnet.tv-ում, պահում են շենքի նկուղում` միայն ջուր ու բրինձի վրա և դաժանաբար ստիպում են խոսել հայերեն:

Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքում է հնչեցված մեղադրանքները և կոչ անում իշխանություններին լինել ավելի օրիգինալ և կրեատիվ. «Շաքարի մենաշնո՞րհը: Լու՞րջ: Մույսը ինչ պետք է լինի` մեղադրեն փակ շուկայի կամարները քանդելու մե՞ջ»:

Փորձագետ Ստեփան Դանիելյանը վստահ է, որ այդ քայլը ուղղված է ԲՀԿ-ի դեմ և միայն առաջին քայլն է. «Այս ամենը դեպի “Մուլտի Գրուպ» տանող երկար ճանապարհի սկիզբն է: Պարզապես պետք էր ինչ-որ անշառ, անփորձանք տեղից սկսել: Կարծում եմ մինչև օգոստոսի վերջ ԲՀԿ-ի պահեստում կմնան միայն մի քանի առյուծ և լավ հիշողություններ 2000-ականների մասին:»

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

Մեկ մեկնաբանություն

  1. armenia armenia Հունիսի 13, 2012

    Oskanyani ruseren mejberumy iharke spanec

Մեկնաբանությունները փակ են.