Press "Enter" to skip to content

ՕԵԿ-ը խոստանում է այս անգամ չդավաճանել

«Այս անգամ ընդհանրապես որևէ դավաճանություն գրեթե չի լինելու», - Ա. Բ.

«Օրինաց երկիր» կուսակցությունը, չսպասելով պաշտոնական քարոզարշավի մեկնարկի ժամկետին, սկսել է իր նախընտրական պայքարը՝ ժողովրդին կոչ անելով իրեն ևս մեկ անգամ հնարավորություն տալ ապացուցելու, որ կուսակցությունը այս անգամ կարող է դիմանալ իշխանության գայթակղությանը:

ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի հրավիրած մամլո ասուլիսին հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստ է այս անգամ ընդհանրապես չդավաճանել ընտրողներին:

««Օրինաց երկիր»-ը այսօր այն եզակի քաղաքական ուժն է, որը կարողանում է շիտակ նայել իր ընտրողների աչքերին: Իսկ դա, մեր դեպքում, հեշտ բան չէ: Միայն ուժեղ կուսակցությունը կարող է նայել մարդկանց աչքերի մեջ այն ամենից հետո, ինչ արեցինք մենք 2008թ. ընտրություններից հետո»:

Բաղդասարյանը վստահ է, որ ժողովրդի կողմից անտակտություն կլինի ՕԵԿ-ին պատժել անցյալի սխալների համար. «Մարդ ինչքան չուզող ու հիշաչար պետք է լինի, որ ՕԵԿ-ին ձայն չտա մեր նախկին սխալների պատճառով: Ոնց եղավ՝ Լևոնին կներեն էն ցուրտ ու մութ տարիները, իսկ մեզ չեն ների մի թեթև (երկու անգամ) քաղաքական գծի փոփոխության համար….»:

Կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Հեղինե Բիշարյանը կարծիք է հայտնել, որ մարդիկ պետք է ավելի շատ ապագային նայեն, այլ ոչ թե անցյալին: «Մեր կուսակցության մասին մի՛ դատեք մեր անցած ճանապարհով, մեր քայլերով՝ կենտրոնացե՛ք մեր խոստումների վրա, որոնք շատ ավելի լավն ու գրավիչ են և կհագեցնեն նույնիսկ ամենաբծախնդիր ընտրողի ֆանտազիաները»,– ասել է նա:

ՕԵԿ-ի անդամը վստահ է, որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են սևացնել իրենց և իրենց առաջնորդի անունը: «Ինչպես ընդդիմությունը, այնպես էլ… չէ, չէ… հիմնականում ընդդիմությունը փորձում է հիմար վիճակի մեջ դնել ՕԵԿ-ին՝ ժողովրդին հիշեցնելով 2008թ. մեր որոշակի ջերմացումը իշխանության հետ: Դա արվում է հատուկ, որպեսզի մարդիկ չարությամբ լցվեն մեր հանդեպ: Մի՛ լսեք նրանց և կենտրոնացե՛ք մեր նոր խոստումների վրա, որոնցից հիմնականն այն է, որ այս անգամ խոստանում ենք չդավաճանել»:

«ԵՕԿ-ի միակ իրատեսական հույսը ժողովրդի մասսայական շիզոֆրենիայի բռնկումն է ընտրությունների օրը», - Իսկանդարյան»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ՕԵԿ-ի շանսերն այդքան էլ մեծ չեն, բայց կա մի պայման, որում «Օրինաց»-ը կարող է տանել ջախջախիչ հաղթանակ. «Եթե ինչ-որ հիպոթետիկ հանգամանքներում Հայաստանում սկսվի մասսայական շիզոֆրենիայի համաճարակ, կամ ինքնաոչնչացման տրամադրություն բռնկվի, ապա ՕԵԿ-ի շանսերը կարող են կտրուկ աճ արձանագրել: Բայց անկեղծ լինելու համար պետք է ասենք, որ այս սցենարը քիչ հավանական է»:

ՕԵԿ-ի նախընտրական խոստումների մեջ կան նաև հին խոստումներից մի քանիսը՝ որոշակի թարմացմամբ: Արթուր Բաղդասարյանը այս անգամ պատրաստ է խոստանալ ավանդների տասնապատիկ վերադարձ բոլոր նրանց, ովքեր ԽՍՀՄ բանկերում կորցրել են իրենց խնայողությունները, և հնգապատիկ հատուցում բոլոր նրանց, ովքեր չեն ունեցել խնայողություններ:

Բացի դրանից՝ ՕԵԿ-ը խոստանում է ավանդների մի մասը տալ ընտրություններից անմիջապես առաջ՝ տատիկ-պապիկներին բաժանելով նախընտրական 5000-դրամանոց ‘ավանդիկներ’ բուն ընտրությունների օրը’ որպես ավանդների վերադարձի կանխիկ ապացույց:

«Օրինաց երկիր» կուսակցության պաշտոնական տեղեկագիրն արձանագրում է կուսակցության վերջին տարիների հաջողությունները, որոնք հույս են ներշնչում գալիք ընտրությունների շեմին: «Վերջին չորս տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մարդիկ ավելի ու ավելի քիչ են ծաղրում մեզ և մեր առաջնորդին: Մոտ 50%-ով  նվազել են մեզ նվաստացնող հոդվածները ԶԼՄ-ներում, իսկ որոշ մարզերում ՕԵԿ-ը նույնիսկ ակնհայտ զզվանք չի առաջացնում»,– նշված է տեղեկագրում:

Մի քանի միջազգային կառույցներ իրենց աջակցությունն են հայտնել ՕԵԿ-ին, ինչը զգալիորեն լուսաբանվում է ԶԼՄ-ներում: Կուսակցությունը շեշտում է, որ միջազգային հարաբերությունների ոլորտում իրենց ակտիվ և նախաձեռնող աշխատանքներն առաջին պտուղներն են տալիս: «Օրինաց»-ին արդեն իսկ պաշտոնական աջակցություն են հայտնել Ֆիլիպինների երիտասարդ կանանց ասոցիացիան, Մադագասկարի խուլ ու համրերի միությունը և Պապուա Նոր Գվինեայի մի շարք բնապահպաններ:

Այժմ կուսակցությունը աշխատանքներ է տանում լեզվի տեսչության հետ, որպեսզի հայերեն բացատրական բառարաններում «դավաճանություն» բառի բացատրության միջից հանվեն ՕԵԿ-ին վերաբերող հղումները:

2 Comments

  1. Ashot Mezhlumyan via Facebook Փետրվարի 17, 2012

    Սրա մասին էլի թերթերը գրելու են. :)))))))
    «Օրինաց»-ին արդեն իսկ պաշտոնական աջակցություն են հայտնել Ֆիլիպինների երիտասարդ կանանց ասոցիացիան, Մադագասկարի խուլ ու համրերի միությունը և Պապուա Նոր Գվինեայի մի շարք բնապահպաններ:

  2. Areg18 Areg18 Փետրվարի 18, 2012

    Մի եղեք հիշաչար ընտրեք ՕԵԿ-ին այսպիսի նախընտրական կոչովել հանդես կգա Արթուր Բաղդասարյանը, տրամադրելով մարդկանց 2008-2012 իր զխճողական սկավառակները,որոնցում նա 4 տարի շարունակ զխճում է 🙂

Մեկնաբանությունները փակ են.