ԵՐԵՎԱՆ – ԱԺ-ում վերջերս կայացած Արմեն Մարտիրոսյան-Շմայս (ավելի քիչ հայտնի` որպես Առաքել Մովսիսյան) ընդհարումը շարունակում է անհանգստացնել ԶԼՄ-ներին: ՀՀԿ խմբակցությունը կոչ է անում չկենտրոնանալ այդ տիպի պատգամավորների վրա և ավելիշատ լուսաբանել համեմատաբար նորմալ հանրապետականներին:
«Այնպիսի տպավորություն է, որ ԶԼՄ-ները հատուկ շեշտ են դնում մեր խնդրահարույց պատգամավորների վրա: Արդյունքում շատերը մոռանում են, որ ՀՀԿ-ում կան նաև մեղսունակ և նորմալ մարդիկ»,- նշում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Հա, անախորժություն է տեղի ունեցել: Հիմա ինչ` մեկ-երկու էմոցիոնալ խուլիգանների պատճառով պետք է ժողովրդի մոտ վատ տպավորությո՞ւն ստեղծեք Հանրապետականի մասին: Ամոթ է, այ ԶԼՄ-ականներ ջան»,- հավելեց Սահակյանը:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Մարտիրոսյանի ելույթները ոչ ադեկվատ ազդեցություն են թողնում իշխանական պատգամավորների/նախարարների վրա: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ «Ժառանգության» պատգամավորի ճառը ստիպեց էներգետիկայի նախարարին ձանձրույթից փրկություն փնտրել iPad-ի շարիկահեն խաղի մեջ:
ԱԺ նոր նախագահ Սամվել Նիկոյանը գնահատում է Մարտիրոսյանի ելույթները որպես ագրեսիվ սադրանք` հանրապետականների նյարդերը փորձարկելու համար:
«Ախր նա տեսնում է, որ մերոնց հետաքրքիր չէ նրա ելույթը, բայց չէ` միևնույնն է մզզացնում է մեր խմբակցության նյարդերը»,- նշում է Նիկոյանը: «Կարծես հատուկ, զոռով ստիպի մեր պատգամավորներին հայհոյել կամ ինչ-որ այլ մայմունություն անել, որ նոր ավարտի ելույթը»:
Հոգեփորձագետ Կարինե Նալչաջյանը վստահ է, որ Արմեն Մարտիրոսյանը վնաս է ՀՀԿ հոգեկան առողջության համար: «Սա առաջին դեպքը չէ, որ «Ժառանգության» պատգամավորը ափերից հանում է խաղաղ նստած, ընկերների հետ զրուցող հանրապետականին: Կարծում եմ` «Ժառանգությունը» երկարաժամկետ կտրվածքով կարող է հոգեկան խոր տրավմաներ թողնել ԱԺ-ում ժամանակ անցկացնող ՀՀԿ պատգամավորների վրա… Ի վերջո, միշտ չէ, որ iPad-ը կարող է փրկել»:
«Ժառանգությունը» պնդում է, որ նրանք չեն փորձում ո՛չ վնասել իրենց հանրապետական գործընկերների առաողջությանը, ոչ էլ գրավել ՀՀԿ անհաջող պատգամավորների ուշադրությունը:
Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշում է, որ «Ժառանգությունը» փորձում է հաշվի առնել ՀՀԿ պատգամավորների ընկալունակության մարտահրավերները և զգայունությունը. «Մեր մի քանի ներկուսակցական քննարկումների արդյունքում որոշվել է, որ Արմեն Մարտիրոսյանի ելույթներն այսուհետ կուղեկցվեն ուրախ երաժշտությամբ, և ամեն ելույթի վերջում կկազմակերպվի ֆուրշետ հանրապետական գործընկերների համար»:
Աղբյուրների հաղորդմամբ` ՀՀԿ խորհրդի որոշմամբ` մինչև ԱԺ գալիք ընտրություններ Ազգային ժողով կայցելի հանրապետականների` միայն նորմալ մարդու տպավորություն թողնող 20%-ը: Որոշման նպատակը, ենթադրաբար, կուսակցության իմիջի վերջնական ոչնչացումից խուսափումն է: