Press "Enter" to skip to content

Հայաստան ներմուծվող բենզինի մեջ հայտնաբերվել է բենզին

Ավտոսիրողները չգիտեն ինչ են ներարկում իրենց երկաթե նժույգին

ԵՐԵՎԱՆ — Տարիներ շարունակ տարածվող ասեկոսեները, իբր Հայաստանում բենզինի հետ տարբեր նյութեր են խառնում ծավալը մեծացնելու համար, ստիպեցին վերջապես ստուգել բենզինի բաղադրությունը: Քաղաքում վաճառվող բենզինի քիմիական վերլուծությունը բացահայտեց, որ Հայաստան ներկրվող բենզինի մեջ հայտնաբերվել է մի քանի տոկոս բենզին: Սպառողների միության մասնագետները 4 պատահական սկզբունքով ընտրված բենզալցակայաններից ձեռք էին բերել բենզին, ստուգել այն, այնուհետ հրապարակել ցնցող արդյունքները: Բացահայտումը դժգոհությունների ալիք բարձացրեց տարբեր բնագավառներում:

Առաջինը ահազանգեցին Երևանի խադավիկների և դզող-փչողների պրոֆմիության անդամները: Ոչ այդքան փչողները, որքան դզողներն ու խադավիկները բողոքում են, որ բենզինով բենզինի գործոնը կարող է կտրականապես փոփոխել շուկան, քանի որ շարքից դուրս եկող ավտոմեքենաների քանակը կնվազի, ինչը անհապաղ կհարվածի իրենց գրպաններին: Բենզինի բացահայտումը բենզինում ուժեղ հարված էր նաև բենզինի ֆիլտր ներկրողների համար, քանի որ նրանց ապրանքը այժմ կարելի է ձեռք բերել տարին 1-2 անգամ` ընդունված 3-4-ի դիմաց:

Բենզալցակայանների տերերը սպառնում են կրկին թանկացնել բենզինի գները: «Իսկականից անհարմար բան ստացվեց: Մենք էլ տեղյակ չէինք, որ մեջը բենզին կա, խոսք ենք տալիս շատ արագ գները համապատասխանեցնել: Կարծում եմ` մի 30-40 դրամ թանկացումը ավելի քան արդարացված կլինի», — մեր լրագրողին հայտնեց GTV (Գևորգ, Տիկո, Վաղարշակ) բենզալցակայանի համասեփականատեր Վաղարշակ Լցակայանը: Մեր հարցին` արդյո՞ք բենզինի գնի թանկացումները միշտ կապված են միջազգային շուկայական գների տատանումների հետ, բենզալցականի տերը հակիրճ պատասխանեց` «լաաաավն էր»:

Սավզյան` «Բենզինի առկայությունը բենզինում դիտավորյալ էր թաքցվում»

Բացահայտումները վրդովեցրին նաև բնապահպաններին, ովքեր մինչ օրս երբեք չէին բողոքում վառելիքի արտանետումներից, քանի որ վստահ էին, որ մեր բենզինը բնական նյութերից էր բաղկացած: «Մեզ համոզել էին, որ մեր երկրում վաճառվող բենզինը անվտանգ, անարատ հումքից է պատրաստած: Լցակայանները վստահեցրել էին, որ Զեյթունի զուլալ ջուրն են խառնում, մի քանի այլ շատ բնական նյութեր, որոնք հիմա անհարմար եմ զգում նշել…մի խոսքով ամեն բան պետք է բնական լիներ, իսկ հիմա պարզվեց, որ բենզին կա», — ասաց բնապահպան Հրայր Սավզյանը:

Իսկ սպառողները պնդում են, որ արդեն երկար ժամանակ զգում էին, որ բենզինում իսկապես մի քիչ բենզին կա: «Ես վաղուց էի կասկածում` մի տեսակ բենզինի հոտ էր միշտ գալիս իմ բենզինից: Այ դրանից սկսեցի կասկածել, որ մեջը բենզին կլինի», — կիսվեց ավտոսիրող Վազգենը: «Բայց ստեղ ուրիշ ավելի լուրջ խնդիր կա, նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե ինչ կկատարվի»: Վազգենը նկատի ուներ բնական գազին անցած վարորդներին, ովքեր տարիներ շարունակ ձեռք են առնում մեքենան բենզինով քշող ավտոսիրողներին: Բենզինի գնի թանկացման պարագայում նրանց ծաղրանքներն ու ջիջիլները կարող են 30%-ով աճել: «Երևի անջատեմ հեռախոսս», — խոստովանեց Վազգենը:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

6 Comments

  1. Հրայր Հրայր 14/06/2011

    Իսկապես համոզել էին սրիկաները, հիմա անհապաղ միջոցներ կձեռնարկենք !! 😀

    • Narek Narek Post author | 14/06/2011

      Թող իմանան, որ չենք հանդուրժելու )))

Մեկնաբանությունները փակ են.