Press "Enter" to skip to content

Հայաստանի հայկական համայնքը դժգոհում է

Հայկական համայնքը այլևս հրաժարվում է լռել

ԵՐԵՎԱՆ — Այսօր կառավարության շենքի դիմաց իր բողոքի ակցիան էր կազմակերպել Հայաստանի հայկական համայնքը: Ցուցարարների գլխավոր նպատակն էր ուշադրություն հրավիրել հայկական համայնքի խնդիրներին Հայաստանի ներսում: «Եկել է ժամանակը, որ մեր կարծիքն էլ հաշվի առնեն այս երկրում: Մենք բավականին մեծ զանգված ենք կազմում և ժամանակն է սկսենք մեր դերը ունենալ այս երկրի կառավարման, որոշումների ընդհունունման մեջ», — ամփոփեց ցույցի պահանջները  հայկական համայնքի նախագահ Արա Իսրաելյանը:

Հայկական համայնքը Հայաստանի ամենահին համայնքներից է: Տարիներ շարունակ համայնքը շոշափելի դեր է ունեցել Երևանի հիմնման, քրիստոնեության ընդունման, անկախացման, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Այսօր նրանցից շատերը գտնում են, որ իրենց թերագնահատում են` «մեր բոլոր կարևոր հարցերի շուրջ միշտ հատուկ գնում են, հարցնում են ամերիկահայերի կարծիքը, ֆրանսիահայերի կարծիքը, Ռուսաստանի հայերի կարծիքը…բա մեր կարծիքը ո՞վ պետք է հարցնի», — նշեց հայաստանաբնակ ՀՀ քաղաքացի, հայուհի Հեղինե Մարկոսյանը:

«Բազմաթիվ ընտրություններին մասնակցելուց հետո մենք հասկացանք, որ մեր կարծիքը եթե հարցնում են, ապա ձևի համար են հարցնում, այլ ոչ թե այն հաշվի առնելու համար»,- բողոքեց ընդդիմադիր ուժերին հարող մի կին: Մի դաշնակահար բողոքեց այն փաստից, որ նրան անհարգալից են վերաբերվել X երկրի (անունը փոփոխված է — խմբ.) դեսպանատանը` «Ես պետք է մի շաբաթով Հռոմ մեկնեի, Ռախմանինովին  նվիրված միջազգային փառատոնին մասնակցելու, ու դեսպանատանը ինձ ստիպեցին իրենց համար դաշնամուր նվագել, որ նոր վիզա տան: Լավ բա գինեկոլոգ որ լինեի ի՞նչ պետք է անեին:»

Բացի հիմնական իրավունքների ոտնահարումից, համայնքի ներկայացուցիչները ունեն բազմաթիվ խնդիրներ` նրանց կարծիքով հայկական ֆիլմերում և սերիալներում հայի պատկերը աղավաղված է ցուցադրվում: «Մեր ընտանիքը շատ մեծ է, սակայն նույնիսկ մեկ հատ հանցագործ չունենք ընտանիքում: Ես բազմաթիվ հայ ընտանիքներ գիտեմ, որտեղ հանցագործներ, սրիկաներ չկան, ինչու՞ սերիալներում այդպիսի ընտանիքների մասին չեն պատմում: Ինչու՞ է այնտեղ միայն մաֆիա ու ողբ: Պատկերացրեք, որ մենք կլոր տարի չենք ողբում, շատ հանգիստ ու ադեկվատ ապրում ենք», — ասաց սերիալներում աղավաղված մի հայույի:

Այդ համայնքը հարևան երկրներում էլ ադապտացվելու խնդիրներ ունի:

Բողոքներ էին հնչում նաև երկրում հարմար ապաստարան գտած կոռուպցիայի հասցեին:  «Որ մտնում էս ինչ որ մի պետական մարմին, ինչ որ մի փաստաթուղթ վերցնելու,  շան պես միանգամից ջոկում են, որ հայ էս ու սկսում են փող պոկել», — բողոքեց արտասահմանից գրքեր ներկրող Վազգեն Մինասյանը: Իսկեպես բոլոր վիճակագրական տվյալները պնդում են, որ կոռուպցիայի, թրաֆիկինգի և ընդհանրապես տհաճ վերաբերմունքի զոհ Հայաստանում հիմնականում հայկական համայնքի ներկայացուցիչներն են դառնում: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հետևյալ կերպ է բացատրում այդ ֆենոմենը` «Հայկական համայնքը չի կարողանում լիովին ադապտացվել երկրի իրականությանը: Նրանց հիմնականում խանգարում են հնուց եկած ադաթները, կրոնը, մշակութային արժեքները:» Նա հավելեց, որ համայնքի մի քանի այլ ներկայացուցիչներ կարողացել են ազատվել անցյալից և ինտեգրվել երկրի «ռեալիյաների» մեջ:

Ցուցարարները նամակ պատրաստեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հանձնելու համար: Նրանց կարծիքով վարչապետը պետք է, արձագանքի բարձրացված խնդիրներին, քանի որ, չնայած բարձր պաշտոնի, նա էլ է հայկական համայնքի ներկայացուցիչ:

Մեկ մեկնաբանություն

  1. Visitor Visitor Մարտի 24, 2011

    Շատ ռեալիստական ու հումորով մոտեցում էր….

Մեկնաբանությունները փակ են.