Բացահայտում` Եհովայի վկաները իրականում ոչ մի բանի ականատես չեն
March 22, 2011 5 Comments
Իրավապահ մարմինների մեծացող հետաքրքրությունը Եհովայի վկաներով հանգեց անսպասելի բացահայտումների. Համաձայն դատախազության հատուկ քննչական ծառայության ուսումնասիրության վերջիններս մոլորության մեջ են գցում քաղաքացիներին: Դատախազություն հրավիրված հարյուրավոր Եհովայի վկաները ոչ միայն չեն կարողացել ստույգ նկարագրել Եհովային, այլև ի վիճակի չեն եղել ընդհանրապես որևէ արժեքավոր վկայություն տալ:
Դատախազության մամլո խոսնակ Սիրունիկ Բանտարկյանը հայտարարեց հատուկ մամլո ասուլիսի ժամանակ. «Մենք դիմում ենք բոլոր քաղաքացիներին զգույշ մնալ Եհովայի վկաներից, քանի որ նրանց անվանումը չի համապատասխանում իրականությանը: Մեր քննությունը պարզել է, որ ոչ մի Եհովայի վկա իրականում չի տեսել կամ որևէ առնչություն ունեցել այսպես կոչված Եհովայի հետ:»
«Մյուս կողմից, եթե կան Եհովայի իրական ականատեսներ, ապա խնդրում ենք ներկայանալ դատախազություն կամ կոնֆիդենցիալ կարգով տեղեկություն տրամադրել նրա բնակվելու կամ աշխատանքային վայրի մասին: Եթե կան մարդիկ, ովքեր ունեն լուսանկարներ Եհովայի հետ, կամ նույնիսկ ավելացրել են նրան «օդնոկլասնիկի» կայքում, թող անպայման զանգահարեն մեր թեժ գծին,» հավելեց Բանտարկյանը:
Ասուլիսից հետո դատախազություն դիմեցին տասնյակ քաղաքացիներ` ներկայացնելով մանրամասն տեղեկություններ Եհովայի վերաբերյալ: Կենտրոնի ոստիկանությունը արդեն կազմել է համապատասխան ֆոտոռոբոտ, որը փակցվել է մետրոյի բոլոր կանգառներում:
Միառժամանակ բոլոր այն Եհովայի վկաները, որոնք չեն կարողանում նկարագրել իրենց առաջնորդին կամ տալ օգտակար տեղեկություններ դատվում են և կրում են համապատասխան պատիժ:
Երեքշաբթի հեռուստատեսությամբ տեղի ունեցավ ելույթ, որը մի փոքր լավատեսության առիթ տվեց, երբ հանրությանը ներկայացավ իրական փաստերով զինված վկաներից մեկը` «Այո, ես նրան տեսել եմ: Նա իմ հարևաններից մեկի հեռու բարեկամն է: Ահա նրա նկարը և անձնագրային տվյալները:» Սակայն շուտով պարզվեց, որ քաղաքացին իրականում ոմն Հովակիմի վկա էր, որին նա պարտքով փող էր տվել և վերցրել անձնագրի պատճենը:
Արայիկ Քաղկանյանը, 56 երթուղայինի վարորդ, նույնպես արժեքավոր ցուցմունքներ տվեց իրավապահներին. «Նա ուզում էր իջնել Օպերայի մոտ և ինձ տվեց 200 դրամ ասելով ‘Եհովան էլ հետո կիջնի’, սակայն այդ օրը երթուղայինը լիքն էր, և ես չկարողացա լիարժեք տեսնել նրա դիմագծերը: Բայց ձայնից դատելով բավական կիրթ էր:»
Մինչ շարունակվում է հետաքննությանը, «Եհովայի վկաները» դիմել էն արդարադատության նախարարություն անվանափոխվելու` «Եհովայի մասին լսածներ», ինչը իրենց կարծիքով չի առաջացնի օրենսդրական խնդիրներ:








Pingback: Arthur Avtandilyan via Facebook
Pingback: ArmComedy.com via Facebook
Pingback: Lilit Matevosyan via Facebook
Pingback: David Asatryan via Facebook
Pingback: David Asatryan via Facebook