Press "Enter" to skip to content

Հայաստանը դատապարտում է Եգիպտոսի բռնությունները խաղաղ ցուցարարների դեմ

Հայաստանը դատապարտում է եգիպտացի իրավապահների ճնշումները ցուցարարների դեմ

ԵՐԵՎԱՆ — Հայաստանի ղեկավարությունը կոշտ քննադատություն է հնչեցրել Եգիպտոսում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի և ժողովրդավարության նահանջի կապակցությամբ: ՀՀ նախագահական նստավայրի խոսնակ Սանիկ Սահակյանը երկուշաբթի ներկայացրեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը. “Անընդունելի է, որ միջազգային հանրության անդամ կիրառի ուժ իր սեփական ժողովրդի նկատմամբ 21-դ դարում: Հոսնի Մուբարակը պետք է հայտարարի արտահերթ ընտրություններ և փորձի աջակցություն ստանալ ժողովրդավարական ճանապարհով , այլ ոչ ակնհայտ ճնշումներով սեփական ժողովրդի վրա: Մենք ուշադիր հետևում ենք Եգիպտոսի զարգացումներին և կոչ ենք անում բոլոր կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ”:

Մինչ Եգիպտոսի ճգնաժամը շարունակում է շիկանալ, միջազգային հանրությունը բարձրաձայն ողջունում է ժողովրդական շարժումը այդ երկրում: Այլ երկրների շարքում նաև Հայաստանը ակտիվ աջակցություն է ցուցաբերում ժողովրդավարական շարժմանը տարածաշրջանում: Հայաստանի իշխանությունները արդեն դատապարտել են զինուժի տեղակայումը Կահիրեի փողոցներում բողոքողների դեմ:

“Սեփական ժողովրդին տանկերով և զինվորներով  ճնշելը փողոցներում չի հանի երկիրը քաղաքական ճգնաժամից,” նշեց Սահակյանը ԶԼՄ-ներին: “Մենք կոչ ենք անում Մուբարաքին անհապաղ բանակցություններ սկսել ընդդիմության և մյուս բոլոր կողմերի հետ: Մենք ներկայացրել են մեր եգիպտացի գործընկերներին մեր դիրքորոշումը. երկարատև կայունություն և խաղաղություն երաշխավորող միակ լուծումը դա ազատ և արդար ընտրությունների անցկացումն է:”

“Մենք արդեն փոխանցել ենք եգիպտացի դիվանագիտական առաքելությանը մեր մտահոգությունները՝ կապված երկրում մարդու իրավունքների ոտնահարման զանգվածային դեպքերի հետ: Եվ եթե մոտ ժամանակներս մենք չտեսնենք Մուբարակի ռեժիմում հստակ քայլեր դեպի ժողովրդավարացում, ապա կարող ենք ձեռնարկել մի շարք միջոցներ ընդհուպ մինչև դիվանագիտական կապերի խզումը,” նշեց խոսնակը:

Ավելի վաղ անցած շաբաթ Եգիպտոսում արգելափակվել էր ինտերնետը՝ խոչընդոտելու քաղաքացիների կապը տեղեկատվության և հաղորդակցության միջոցների հետ՝ ներառյալ  Facebook, Twitter և YouTube: Այդ քայլը դատապարտվեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից որպես “տեղեկատվության ազատության իրավունքը ոտնահարող ամբողջատիրական երկրին վայել նշան:”

Երիտասարդ ՀՀԿ-ականները պահանջում են եգիպտացի քաղբանտարկյալների ազատ արձակումը

Զայրույթը շարունակեց տարածվել Հայաստանի տարբեր քաղաքական և հասարակական շրջանակներում: ՀՀԿ և ԲՀԿ երիտասարդական թևերը կազմակերպեցին ցույց Երևանում Եգիպտոսի դեսպանատան դիմաց՝ վանկարկելով “Մուբարակ, հեռացիր” և “Ազատ, անկախ Եգիպտոս:”

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ահազանգում է Եգիպտոսում օրեցօր աճող քաղբանտարկյալների թվի մասին: “Մենք ստացել ենք հաղորդագրություններ այն մասին, որ ձերբակալվում են ուսանողներ և երիտասարդ ակտիվիստներ իրենց քաղաքական հայացքների և Մուբարակի ռեժիմի դեմ արտահայտվելու համար: Սա չի կարելի հանդուրժել, եթե Եգիպտոսը իրոք ցանկանում է դառնալ միջազգային հանրության լիիրավ անդամ: Մենք կոչ ենք անում եգիպտացի իշխանություններին վարվել ողջամիտ և բաց թողնել բոլոր քաղբանտարկյալներին, այլապես Հայաստանը ստիպված կլինի նախաձեռնել քաղաքական սանկցիաներ Եգիպտոսի դեմ ՄԱԿ-ում,” նշեց իշխող կուսակցության խոսնակը:

Եգիպտական կողմի միակ արձագանքը եղել է կարճ հաղորդագրություն, որում ասվում է՝ “կառավարությունը պատրաստ է նախաձեռնել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում՝ ուսումնասիրելու լայնատարած բռնություններն ու չարաշահումները, սակայն մենք դեռ չենք ավարտել բռնությունների ալիքը: Դա ժամանակավոր տեխնիկական խնդիր է: Մենք  չենք կարող սկսել հետաքննություն նախքան պաշտոնական բռնությունների փուլի ավարտը,” նշեց եգիպտացի պաշտոնյան:

Մինչդեռ Եգիպտոսում շարունակվում է բռնությունների ալիքը Հայաստանը կոչ է անում մյուս երկրներին ճնշում գործադրել Մուբարակի վրա: Աղբյուրները հաղորդում են, որ պաշտոնական Երևանը պահանջել է ԱՄՆ պետքարտուղարությունից ավելի վճռական լինել Եգիպտոսում ժողովրդավարական գործընթացը պաշտպանելու հարցում:

3 Comments

  1. Ծովինար Ծովինար 01/02/2011

    Շնորհակալություն, շա՛տ համեղ էր :)))))))) «Ազատ-անկախ Եգիպտոս» :)))

  2. Արփի Արփի 01/02/2011

    Ինչ լավ է չէ չենք տեսնում սեփական աչքի գերանները և ուրիշի փշերից ենք խոսում

  3. Հայկ Հայկ 07/03/2011

    Ապրեն հեղինակները!!! անպայման կգրանցվեմ նորությունների համար!
    Կայքի գաղափարական և տեխնիկական ստեղծողներին 5+++++

Մեկնաբանությունները փակ են.