ԵՐԵՎԱՆ — Անցած շաբաթ ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղ, որի արդյունքում խմբի անդամները հավաքեցին աննախադեպ փոքր քանակությամբ փաստեր` 150, իսկ որոշ փորձագետների գնահատմամբ` 135 կգ: Այս առաքելությունը լրջորեն զիջեց Բրայզա-Ֆասյե-Մերզլյակովի 2006-ի ռեկորդը` 243 կիլոգրամ մաքուր փաստեր:
Ուրբաթ օրը կայացած ասուլիսում համանախագահները փորձեցին մեկնաբանել փաստերի հիասթափեցնող զանգվածը: «Նախքան վերջնական եզրակացություններ անելը, մենք պետք է վերադառնանք Փարիզ և ճշտենք.. կոնկրետ ինչ նպատակով էին մեզ ուղարկել Ղարաբաղ,» նշեց ֆրանսիացի համանախագահը: «Իհարկե մեզանից յուրաքանչյուրը ուներ մոտավոր պատկերացում, որի շրջանակներում և հավաքում էր.. փաստեր: Իգորը, օրինակ, հավաքել է 35 կիլոգրամ շիշկա, որը առաջին հայացքից թույլ փաստ է, սակայն փաստացի վկայություններ է պարունակում Ղարաբաղի աշխարհագրության մասին:»
Ամերիկացի համանախագահը ավելի հստակեցրեց առաքելության նպատակը. «Կարծում եմ, որ մեր այցելության հիմնական նպատակն էր հավաքել փաստեր, որ Ղարաբաղը իրոք գոյություն ունի, ինչը կօգնի մեր երկրներում ամրապնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության իմաստը: Այդ առումով ես ողջունում եմ Իգորի բուսական քաղվածքները: Անձամբ ես փաստահավաքել եմ դրոշմանիշներ, նկարներ պաշտոնյաների հետ և մի քանի երիտասարդ ղարաբաղցի ընդհանուր 168 կիլոգրամ քաշով: Կարծում եմ նկարները և երեխաների կենդանի պատմությունը համոզիչ փաստ կլինեն կոնգրեսական լսումների ժամանակ:»
Ադրբեջանական կողմը դժգոհություն է արտահայտել Մինսկի խմբի այցի կապակցությամբ: Բաքվի ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռայմոնդ Դոֆիգոֆը կարծում է, որ այցելությունը Հայաստանի պատասխանն էր Ադրբեջանի ռազմական բյուջեի կրկնապատկման դեմ: Մասնավորապես Դոֆիգոֆը նշել է` «Ես կարծում եմ, որ այցելությունը Հայաստանի պատասխանն էր Ադրբեջանի ռազմական բյուջեի կրկնապատկման դեմ»: Դոֆիգոֆը նաև հավելել է` «Մենք` Ադրբեջանական կողմս, դժգոհություն ենք արտահայտում Մինսկի խմբի այցի կապակցությամբ:»
Ստեփանակերտում այցելությունը արժանացել է հակասական գնահատականների: Մայրաքաղաքի բնակիչնեչը շարունակում են փորձել հասկանալ նման այցելությունների և ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության իմաստը:
Համար 7 դպրոցի տնօրեն Սահակ Բակոյանը արաջարկում է խմբի աշխատանքների արդյունավետության բարձրացման իր բաղադրատոմսը: «Կարծում եմ, եթե նրանք ամեն այցելության ժամանակ մեր դպրոցում մի քիչ լեզու սովորացնեն.. անգլերեն ա, ֆրանսերեն ա կամ էն Իգորի լեզուն, ապա նրանց այցելությունների իմաստը և օգտակարությունը կարող է աճել 70-ից 80 տոկոսով:»
Մինչ այդ Հայաստանում շարունակվում են տարակուսանքները փաստահավաք խմբի այցի նպատակի մասին: Ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը չի կարծում, որ փաստահավաք խումբը ասում է ամբողջ ճշմարտությունը: «Չեմ կարծում, որ փաստահավաք խումբը ասում է ամբողջ ճշմարդությունը: Վսդահ եմ, որ հիմնական նպատակն այն է, որ ուզում են ժամանակ առ ժամանակ իրենց աչքով դեսնել, ինչպես է վիճակը` գուցե հակամարդությունը ինքն իրեն լուծվել է, ներծծվել է և ամեն անգամ հույսերը խափանվում են, ինչը հեշդ կարելի է դեսնել ասուլիսին ցուցադրված դեմքի արդահայտություններից:»
[…] This post was mentioned on Twitter by Samvel Martirosyan, Narek. Narek said: ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունը դեպի ԼՂՀ հավաքեց 150-135 կգ փաստեր http://t.co/kKO2u4O via @armcomedy […]
[WORDPRESS HASHCASH] The comment’s server IP (208.74.66.43) doesn’t match the comment’s URL host IP (74.112.128.10) and so is spam.