Press "Enter" to skip to content

Բաբուխանյանը պարզաբանեց՝ գրանտ վերցնելով թուլացրել է Սորոսին

ԵՐԵՎԱՆ — Նախկին պատգամավոր և Սորոսի վաղեմի քննադատ Հայկ Բաբուխանյանը պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ նա անհատական դրամաշնորհ է ստացել ճիշտ նույն Սորոսից։

Բաբուխանյանը հաստատեց, որ «Բաց հասարակության հիմնադրամից» Բուդապեշտում գիտաժողովի մասնակցելու համար գումար է ստացել։ «Ես միշտ էլ սրտանց ատել եմ Ջորջ Սորոսին և նրա հիմնադրամը ու այդ գումարը վերցրել եմ Սորոսին հնարավորինս թուլացնելու համար, ներսից հարվածելու համար»,- բացատրեց Բաբուխանյանը. «Բուդապեշտ մեկնել եմ, բայց բուն գիտաժողովին ընդհանրապես չեմ մասնակցել։ Առավոտյան բեյջիկը ստացա ու գնացի մի քանի թանգարան, մի երկու խանութ՝ լավ պտտվեցի։ Բուն գիտաժողովից միայն մի coffee break-ի եմ ներկա գտնվել ու լանչին։ Լանչին էլ լոբստեր եմ պատվիրել՝ երեք հատ։ Այդպես է պետք ծնկի իջացնել Սորոսին»։

Պատգամավորը նշեց, որ եթե յուրաքանչյուր հայ գոնե մեկ դրամաշնորհ ստանա Սորոսից ու խայտառակ աննպատակային օգտագործի այդ փողը՝ ապա Սորոսը շատ արագ կփակի իր հիմնադարմը Հայաստանում։ «Սա ազգանվեր գրանտ է եղել։ Գիտե՞ք որքան բանից եմ օգտվել հյուրանոցի մինի բարից։ Շա՛տ, սրբել եմ Marriott-ի մինի բարը։ Իսկ այնտեղ անաստված գներ են՝ պիստակները 17 եվրո, գարեջուրը՝ 27 եվրո, մի փոքր Snickers-ը 9 եվրո էր։ Սորոսին մի 2000 եվրոյի չափ ծնկի եմ բերել»,- կիսվեց փորձով նախկին օրենսդիրը։ Նա նշեց, որ կարճ գործուղմամն ընթացքում վերցրել է սերֆինգի դասընթացներ, թայլանդական մերսում, միջքաղաքային զանգ է կատարել Երևան 4 ժամ 42 րոպե տևողությամբ ու 12 անգամ արդուկել է տվել վերնաշապիկը՝ այդ ամենը ծերունի Սորոսի հաշվին։ «Ու դե մահճակալը կոտրեցի, էնքան թռվռացի՝ Սորոս պապիկը լավ ծախսի տակ ընկավ»,- ամփոփեց նա։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.