Press "Enter" to skip to content

Խորհրդարանում ձևավորվել է ալֆա մեծամասնություն

«Ուղղակի հիշեցնենք, որ մեծամասնությունը ոչ թե սովորական, այլ սահմանադրական է»

ԵՐԵՎԱՆ — Իմ Քայլը դաշինքը վերջին ընտրություններին ստացավ ձայների տոտալ մեծամասնությունը, ինչը իրենց առաջ բացում է խորհրդարանում ցանկացած օրենք ընդունելու հնարավորություն։ «Ցանկության դեպքում կարող ենք վերացնել, ասենք թե, չորեքշաբթին կամ օգոստոսը, կամ կապույտ գույնը»,- նշում է ցուցակի ահագին ներքևներում տեղավորված, բայց այնուամենայնիվ անցած Վրեժ Սամսոնյանը. «Իհարկե առանց խիստ անհրաժեշտության այդ քայլին չենք դիմի»։ Մեր հարցին թե արդյոք նման անսահմանափակ իշխանությունը վտանգավոր չէ, Սամսոնյանը արձագանքեց. «Դուք կարծես թե մտահո՞գ եք։ Տեսեք՝ պատմության մեջ դեռ չի եղել մի դեպք երբ անսահման իշխանությունը ինչ-որ մեկին փչացրել է։ Հակառակը՝ բոլոր խնդիրները ավելի արագ կլուծենք, առանց ավելորդ քաշքշուկի։ Արագ արձագանքման իշխանություն է ձևավորվել»։ Նա նշեց, որ որևէ ձևական կոալիցիաներ կազմելու կարիք էլ չի լինի, քանի-որ սահմանադրական մեծամասնությունն արդեն առկա է։

Էդմոն Մարուքյանի կլասիկ լուսանկարներից

Խորհրդարան անցած Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը պնդում է, որ իրենք կլասիկ ընդիմություն կլինեն կլասիկ մեծամասնությանը։ «Մենք առաջարկում ենք ՀՀԿ-ից ժառանգած սուպերվարչապետական լիազորությունները սահմանափակել ավելի կլասիկ լիազորություններով։ Իհարկե չենք պնդում, որովհետև պնդելու համար մի 10% ավել ձայն պետք է ստանայինք, բայց նուրբ առաջարկում ենք»,- նշում է Էդմոն Մարուքյանը՝ «այսպես կլասիկ խորհրդարան կունենաք»։

ԲՀԿ հաղորդագրությունում ասված է. «Յուրաքանչյուր, ասենք թե, օրենք իրա համապատասխան գնահատականն է ստանալու, որը իշխող կուսակցության հետ կամ կհամընկնի, կամ, ասենք թե, կհամընկնի։ Ու համապատասխան կողմ կոճակը կսեղմվի»։