ԵՐԵՎԱՆ — Թերահավատ երևանցի և «Կարգին հաղորդման» վաղեմի երկրպագու Անտոն Սարիբեկյանը մինչև վերջ չի հավատում, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանին փոխարինել է դերասան Հայկ Մարությանը։ «Հենց այս պահին դիտում եմ ուղիղ միացումը քաղաքապետարանից ու սպասում եմ, որ ամեն վայրկյան նիստերի դահլիճ կմտնի Մկոն ու ինչ-որ մի բոց տեղի կունենա»,- պնդում է քաղաքացին,- «Այո, հրաշալի դեկորացիաներ են ձեռք բերել, քաղաքապետարանի նիստերի դահլիճը իսկականից չես տարբերի։ Ամեն ինչ գնումա նրան, որ նոր սեզոնը բոց է լինելու։ Բայց «պալիտ» են անում դահլիճում նստած շոու բիզնեսի այլ ներկայացուցիչները՝ օրինակ անզեն աչքով էլ Լուլուին կարելի է նկատել։ Նախկինում էլ «Կարգինի» սկետչերում հրավիրված հայտնի դեմքեր կային»։
Համաձայն Անտոնի տեսության այս ամենը ուղղակի «Կարգին հաղորդում» սկետչ շոուի նոր եթերաշրջանի հրաշալի PR արշավն է՝ «Կարգինը միշտ է զարմացրել անսպասելի հումորներով, հեսա ամեն վայրկյան կհամոզվեք, որ ես ճիշտ էի»,- հավելում է սիրված հաղորդման բոլոր սկետչերը անգիր իմացող քաղաքացին։ «Հեսա մի փոքր էլ համբերեք ու պարզ կդառնա, թե որ անեկդոտն է 100 անգամ ավելի լավ բեմադրվել»։