Press "Enter" to skip to content

Ձմեռ պապու գրասենյակ. «դեկտեմբերյան ընտրությունները Ամանորից ուշադրություն շեղելու փորձ է»։

Հնարավոր է մի քանի պաշտոնյաներ մնան առանց նվեր

ԼԱՊԼԱՆԴԻԱ — Ձմեռ Պապու պաշտոնական գրասենյակը այսօր տարածել է հայտարարություն, որում խստորեն դատապարտում է ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու Նիկոլ Փաշինյանի որոշումը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է՝

«Մեծարգո պարոն վարչապետ՝

Մեծ զարմանքով տեղեկացա, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսում եք անցկացնել հենց դեկտեմբեր ամսին։ Տարիներ շարունակ դեկտեմբերը ֆետիշացրել է միմիայն իմ գործունեությունն ու Ամանորի սեղանը։ Այսպիսով դուք փորձ եք անում շեղել հանրության ուշադրությունը իմ անձից և հարևանի սեղանը ճոխությամբ գերազանցող սեղան գցելու համազգային առաքելությունից։ Կարծում եմ, որ կան ավանդույթներ, որոնք պետք չէ անտեսել անգամ հետհեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ։ Չեմ ցանկանում այս ամենի ետևում նկատել սանտակլաուսական քայքայիչ ուժերի ազդեցություն, փորձում եմ չհուսահատվել։ Հույս եմ փայփայում, որ կվերանայեք այս որոշումը և կվերադառնաք իմ գիրկը։

Հարգանքով՝

Ձմեռ Պապ

Հ.Գ.՝ Հիշեցնեմ, որ հեղափոխության օրերին ես նույնպես կանգնած եմ եղել Ձեր կողքին և անխնա աջակցել եմ։ Իմ խոսքերը կհաստատեն ԲՀԿ,ՕԵԿ,ՀՅԴ և մի շարք այլ ուժեր։»