Press "Enter" to skip to content

Հայաստանի և Նաուրուի Հանրապետության արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը

«Համարյա վստահ եմ, որ մի բան շփոթել են, բայց շատ զգացված եմ»,- Նաուրու Հանրապետության արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ — ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի Վանուատուի արգործնախարարի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Նաուրու Հանրապետության արտգործնախարար Նավադո Սագարի հետ։ 21 կմ2 մակերես ունեցող պետության հետ Հայաստանը դեռ նոր է սկսում խորացնել հարաբերությունները։

Արտգործնախարարները քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը: «Ճիշտն ասած չհասկացա ինչու հենց մենք, բայց ամեն դեպքում շատ հաճելի մարդ էր Հայաստանի արտգործնախարարը։ Հիմնականում մեր գոյության մասին ոչ ոք չգիտի։ Մենք պատրաստ ենք փոխգործակցել, բայց դե չեմ պատկերացնում ինչպես»,- նշեց հանդիպումից հետո աշխարհի երկրորդ ամենափոքր պետության արտգործնախարարը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ, անդրադարձան Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ «Հիմնականում Մնացականյանն էր մտքեր փոխանցում, ես ավելի շատ լսում էի։ Որովհետև մենք ֆրանկոֆոն երկիր չենք։ Ավելի շուտ 2 հոգի կա կղզու վրա, որ մի քիչ ֆրանսերեն գիտի։ Գուցե հենց դա է պատճառը…»,- տարակուսեց Սագարը։

Նաուրուի արտգործնախարարը խոստացավ այցելել Հայաստան, սակայն չնշեց երբ՝ «Ամեն անգամ երբ ես կղզին լքում եմ, մեզ մոտ բնակչությունը 12% անկում է ապրում։ Աշխատում եմ շատ չճամփորդել։ Բայց հանուն պարոն Մնացականյանի կգամ»։