Press "Enter" to skip to content

Սասնա Ծռերի կուսակցության կանոնադրության հնարավոր կետերը

Ապագա կուսակցության անվանումը դեռ ընտրված չէ. կհայտարարվի մրցույթ

ԵՐԵՎԱՆ — Սասնա Ծռեր խմբավորումն ու Հիմնադիր խորհրդարանը օրերս հայտարարեցին կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։  Զուգահեռ համացանցում հայտնվեց փաստաթուղթ, որը որոշ օգտատերերի պնդմամբ կարող է պարունակել հենց այդ կուսակցության կանոնադրության առաջին կետերը՝

  1. Կուսակցությունը ամենից վեր դասում է մարդու իրավունքները։ Մարդու իրավունքների խախտում նկատելու դեպքում կուսակցությունը ոչ մի բանի առջև չի կանգնի, այդ իրավունքները վերականգնելու համար։
  2. Մարդու բնական իրավունքներից կուսակցությունը հատկապես առանձնացնում է կյանքի իրավունքը։ Երկրորդ տեղում ազատ տեղաշարժի իրավունքն է։
  3. Կուսակցությունը կարևորում է ահաբեկչության դեմ պայքարը։ Հայաստանը կարող է և պետք է դառնա հակաահաբեկչական պայքարի առաջամարտիկ և ահաբեկիչների հանդեպ անհանդուրժողականության կղզյակ։
  4. Կուսակցությունը բարձր է գնահատում ժողովրդավարական արժեքները։ Խորհրդարանը պետք է կազմվի բացառապես քաղաքացիների ազատ քվեի միջոցով։
  5. Ընտրությունների արդյունքների հատ համաձայն չլինելու պարագայում կուսակցությունը չի բացառում զինված ապստամբությամբ արդարությունը վերականգնելու քայլերին դիմելը։
  6. Զինված ապստամբության կարելի է դիմել միայն այլ ելք չտեսնելու պարագայում։ Այլ ելք չտեսնելու իրավունքը վերապահվում է վերընշված կուսակցությանը։
  7. Կուսակցությունը կարևորում է անկախ դատարանների դերը երկրում։ Նախքան արդար դատարանների ներդրումը կարելի է առաջնորդվել «սև ցուցակներով»։
  8. Հայաստանում պետք է սահմանափակվի և խստորեն վերահսկվի զենքի շրջանառությունը։
  9. Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ։ Առանց որևէ բացառության։
  10. Բացառություն կարող են կազմել միայն կուսակցության ներկայացրած «սպիտակ ցուցակները»։

Ապագա կուսակցության վարչությունը չի հաստատել փաստաթղթի իսկությունը։