Press "Enter" to skip to content

Հետ են հավաքվում պաշտոնաթող անձանց գոլդ հեռախոսահամարները

«Հայտնի է դեպք, երբ պաշտոնյան խնդրել է գոլդ համարներով ծննդյան վկայական»

ԵՐԵՎԱՆ — Պետական վերահսկողական ծառայությունը չի սահմանափակվի պաշտոնաթող գեներալներից ապօրինի հրամանով գոլդ պետհամարանիշերը հետ հավաքելով։ Այսօր հայտնի դարձավ, որ մի շարք նախկին պաշտոնյաներից կհավաքեն նաև նրանց գոլդ հեռախոսահամարները։ «Շատերը գիտեն, որ 2000-ականների սկզբում գրեթե անհնար էր Արմենթել ընկերությունից Easy Card-եր ձեռք բերել՝ այն էլ գոլդ համարներով»,- նշում է ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Վերահսկողական ծառայությունը բացահայտել է, այնուհետ ապշել, բայց այնումենայնիվ բացահայտել է ապօրինի վաճառված Easy Card-երի, բարձրաստիճան պաշտոնյաների և Արմենթելի նախկին աշխատակիցների մի ամբողջ հանցավոր շղթա։ Ըստ վարկածի պաշտոնյաները, օգտոգործելով ճնշման տարատեսակ լծակներ ստիպել են իրենց վաճառել կրկնվող թվերով հեռախոսահամարներ՝ 49 49 49, 488884, 470000 և այլն։ Ծառայությանը դեռ հայտնի չէ թե ինչ էին անում պաշտոնյաները այդ համարներով՝ պարծենում շրջապատում թե պարզապես տառապում վատ հիշողությունից։ «Գիտենք միայն, որ Երևանում անգամ գոլդ հասցեյով տուն է հայտնաբերվել՝ Բաբաջանյան 77/7։ Այն պատկանում է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին»,- հավելեց Սանասարյանը՝ խոստանալով, որ մոտ ապագայում  ծառայությունը կզբաղվի նաև ավելի կարևոր չարաշահումների բացահայտումով՝ «պարզապես այս երկու հարցերը իրապես անհետաձգելի էին»։