Press "Enter" to skip to content

Վարդավառի զենքերի մրցավազքը կառավարության վերահսկողությունից դուրս է եկել

Զբոսաշրջիկները Վարդավառին կփակվեն հյուրանոցներում

ԵՐԵՎԱՆ — Ոստիկանությունն իր մտահոգությունն է հայտնել տարեց տարի մեծացող տրամաչափի  ջրային զենքերի կապակցությամբ։ Այս տարվա Վարդավառից առաջ խանութներում արդեն վաճառվում  են հսկայան ջրային հրետանիներ, առնվազն 5-6 լիտր տարողությամբ։ «Դեռ մի 10 տարի առաջ Վարդավառի համար փոքրիկ ջրային ատրճանակներ էին վաճառվում, որոնք հազիվ 2-3 բաժակ ջրով էին լիցքավորվում։ Այսօրվա զենքերից անմեղ անցորդներին կքշի կտանի»,- ասում է ՀՀ Ոստիկանության հատուկ գործերով քննիչ Այգեպանյանը։

Կառավարությունում նույնպես մտահոգված են վերահսկողությունից դուրս եկած զինատեսակների  մրցավազքով։ «Եթե այս հսկայական ջրային հրացանները այս տարի լավ վաճառվեն, վստահաբար հենց մյուս տարի էլ ավելի մեծն են ներկրելու։ Ջրային տանկեր երևի»,- նշում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ «Վարդավառը կամաց-կամաց վերածվում է լայնամածավալ ջրային հակամարտության»։

«Վեոլա ջուր» ընկերությունում հայտարարեցին, որ ոչ մի խնդիր չեն տեսնում մոլեգնող ջրային պատերազմներում։ «Միակ ակնհայտ խնդիրն այն է, որ Վարդավառը տարին մեկ անգամ է։ Կարծում ենք օգոստոսին կարելի է ամեն շաբաթ էլ Վարդավառ անել, չէ որ շատ շոգ է»,- երազկոտ հայացքով նշեց կոմերցիոն տնորեն Մարինա Ջրաշատյանը։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.