ԵՐԵՎԱՆ — Մայրաքաղաքում խուճապային իրավիճակ է, որովհետև այս առավոտ քաղաքացիներին չեն տեղեկացրել քանի տղա և քանի աղջիկ է ծնվել Երևանում։ Հետևելով քաղաքապետարանի լրահոսին, քաղաքացիները ամեն օր գրեթե նույն ժամին ստանում էին այդ չափազանց կարևոր տեղեկությունը. իսկ այսօր արդեն 5 ժամից ավել է ոչ մի լուր չկա։ Չնայած քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիները պնդում են, որ իրենց ցույցը խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը այդ տարածքում։ Ծննդային ակտիվիստ Անահիտը նշեց. «Չի կարելի մարդկանց անտեղյակ պահել։ Առավոտվանից չգիտեմ ինչ մտածել՝ 35 տղա և 28 աղջիկ է ծնվել թե՞ հակառակը։ Ինչու՞ են ինձ տանջում»։ Մեկ այլ քաղաքացի՝ 37 ամյա Արմենը սպառնացել է անձամբ գնալ ծննդատներ և հաշվել երեկ ծնված երեխաների քանակը, եթե մոտակա ժամերի ընթացքում նորություն չլինի։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը խոստացավ հաղորդել ծնված երեխաների քանակը, միայն մեկ պայմանով՝ եթե քաղաքացիները ապամոնտաժեն կառուցված բարիկադները և վերադառնան տներով։ «Մեզ հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել։ Տեղեկությունը կհայտարարվի, բայց ժամանակ է հարկավոր», — ցուցարարների սուլոցի ներքո հայտարարեց քաղաքապետարանի խոսնակ Գնունի Ամիրյանը։
Երևանի ընդդիմադիր ավագանի Ստյոպա Սաֆարյանը նույնպես խնդրեց ցուցարարներին խուճապի չմատնվել՝ խոստանալով շուտափույթ ճշտել տեղեկությունները։ «Անթույլատրելի է քաղաքացիներից թաքցնել այդ տեղեկությունը, բայց այս պահին բոլորին խնդրում եմ սթափվել և կտրուկ քայլերի չդիմել։ «Բարև, Երևան» դաշինքն էլ է գտնում, որ հենց այնպես այդ տեղեկությունը չէր թաքցվի, բայց ժամանակ է պետք հասկանալու ինչ է տեղի ունեցել», — հորդորեց Սաֆարյանը։