Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի պնդմամբ երկրի գործադիրը գեղեցիկ ամանորյա նվեր է պատրաստում քաղաքացիների համար: Մտահաղացումը հանճարեղ և պարզունակ է` դեկտեմբերի 31-ին կառավարության շենքի դիմաց կայրվի 15 պարկ չուղարկված ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքներ: «Ըստ էության սա սոցիալական պատասխանատվության յուրահատուկ դրսևորում է. կառավարությունը այս քայլով, ուզում է ևս մեկ անգամ բոլորիս հիշեցնել, որ մեր մասին մտածում են, մեր բեռը թեթևացնելու համար ոչ մի բանի առջև չեն կանգնի»,- ներկայացրեց կառավարության զանգվածային միջոցառումների և պրոմո ակցիաների վարչության պատասխանատու Դիանա Տոնականյանը:
15 պարկերը ընտրվել են պատահական սկզբունքով և պարունակում են ինչպես կոպիտ, այնպես էլ մանր-մունր խախտումներ: «Մեզ շատ դժվար էր բաժանվել այս տուգանքների հետ, որովհետև 15 պարկ տուգանքը հեշտ չի հավաքվում` ուրբաթ օրը բոլորս պետք է 2 ժամ ավել մնանք, որ տեղը հանենք», — նշեց Ճանապարհային ոստիկանության տեսուչ Լավրենտ Հոծգտյանը` անսպասելի հավելելով. «հանկարծ չմտածեք մեր բարեկամների կամ ընկերների տուգանքներն են միայն պարկերում»:
Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ այդ քայլը էժանագին PR է. «Այս խոստումը փորձ է հանրաքվեյից առաջ էժան դիվիդենտներ վաստակել ժողովրդի աչքերում, տպավորություն ստեղծել թե իրենք հոգատար են: Մենք ունենք հստակ տեղեկություն, որ մոտ ապագայում կառավարությունը պլանավորում է ավելացնել մի շարք բաժանորդների ինտերնետ կապի արագությունը` կրկին շեղելով նրանց ուշադրությունը իրական խնդիրներից»: Մարտիրոսյանը կոչ արեց սթափ մնալ, թեև չբացառեց, որ պարկում կարող է լինել նաև իր տուգանքներից, որևէ մեկը. «Տերյան-Թումանյան խաչմերուկում օրը մեկ նշան են փոխում` մարդ խառնվում է»: