Պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում երկար ուսումնասիրություններից հետո հարկային մարմինները պարզեցին, որ նա ոչ միայն ճշգրիտ վճարել է բոլոր հարկերը, այլև մի քանի անգամ գերազանցել է գանձապետարանին հասանելիք գումարները: «Մենք մտանք ակնկալելով, որ սարսափելի խախտումներ կգտնենք, թաքցված եկամուտներ, մի քանի էկզոտիկ չարաշահում, բայց արի ու տես, որ չէ` ոնց հաշվում էինք դեռ մի բան էլ ավել էր ստացվում», — չի թաքցնում իր զարմանքը հարկային տեսուչ Արսեն Թաքցյանը. «Իմ պրակտիկայում դեռ չէր եղել, որ ուզենայի գտնել խախտում ու չկարողանայի»:
Ֆինանսների նախարարությունը նույնիսկ չի բացառում, որ դեկտեմբերին Multi Group-ը կներկայացվի «Տարվա հարկատու» մրցանակին: «Սա հրաշալի հաջողության պատմություն է` դեռ փետրվար-մարտ ամիսներին բոլորս կարծում էինք, որ Multi Group-ը հավակնում էր «Վատագույն հարկատու» մրցանակին` նույնիսկ արձանիկ էինք պատվիրել: Բայց որքան էր մեր զարմանքը, երբ ստուգումները ցույց տվեցին, որ դա մի հրաշալի հարկատու է», — նշեց ֆինանսների նախարարության մրցանակաբաշխությունների վարչության պետ Էմմա Դարբինյանը: Նրա խոսքով այս պահի դրությամբ Multi Group-ը մրցանակի թիվ 1 հավակնորդն է. «Եթե իհարկե ինչ-որ նոր քաղաքական վայրիվերումներ մինչև դեկտեմբեր տեղի չունենան: Էդ դեպքում չի բացառվում, որ վերադառնանք «Վատագույն հարկատու» վարկածին», — պարզաբանեց վարչության պետը` հավելելով, որ պատրաստ են դեպքերի զարգացման երկու տարբերակներին: