Press "Enter" to skip to content

Շոկ. քաղաքապետարանի այցը Կրասնոդար որևէ պրակտիկ բան չտվեց

dd
Արվեց 742 լուսանկար տեսարժան վայրերում, րոնցից 419` սելֆի

Երևանի քաղաքապետարանի պատվիրակության այցից Կրասնոդար քաղաք անցել է արդեն մեկ ամիս, սակայն որևէ պրակտիկ ձեռքբերում Երևան քաղաքը այդ այցից դեռ չի ունեցել: Հենց քաղաքապետարանի ներսում այս կապակցությամբ արդեն երկու շաբաթ է տիրում է «մանթրաժ վիճակ»: Գործուղումների և ճամփորդությունների վարչության ղեկավար Ալվինա Շտամպյանը խոստովանում է, որ նման բան դեռ երբեք չի եղել. «Այո 5 պատվիրակ այցելեցին Կրասնոդար, մասնակցեցին մի շարք համերգների, ստորագրեցին փոխըմբռման հուշագրեր ու վերադարձան: Բայց այս անգամ ոչ մի օգուտ այցից չեղավ, ոչ մի փոփոխություն այս այցից հետո երևանցին չի նկատի: Ես, անշուշտ, չար ու նախանձ ընդդիմադիր չեմ, բայց նույնիսկ ինձ թվաց, որ հարկատուների փողերը մի փոքր անկապ ցփնվեցին: Սենց բան չէր եղել»:

Քաղաքապետարանից վստահեցնում են, որ սա առաջին նման դեպքն է և խոստանում են ապագայում վերանայել գործուղումների նպատակահարմարությունը. «Հնարավոր է նույնիսկ մի 3-4 տարի, ոչ մի նոր քույր-քաղաք չավելացնենք», — նշում է Շտամպյանը:

«Պարզվում է մեր քույր-քաղաքներով այլ օտար քաղաքների հետ էլ քույրական հարաբերություններ ունեն»
«Պարզվում է մեր քույր-քաղաքներով այլ օտար քաղաքների հետ էլ քույրական հարաբերություններ ունեն»

Զարմացած են նույնիսկ ընդդիմադիր «Բարև Երևան» դաշինքի ավագանիները: Դավիթ Սանասարյանի կարծիքով պետք է մի փոքր էլ սպասել Կրասնոդար այցի պտուղներին. «Այս այցերը այնքան երկար պատմություն ունեն, որ դժվար այսքան տարի ոչ մի պրակտիկ օգուտ չստանային, բայց նույն բանը կրկնեին ու կրկնեին… նույնիսկ մեր իշխանամետ գործընկերները տենց բան չէին անի: Կոչ եմ անում լինել «բարի ու կամեցող» ընդդիմություն և  մի քանի օր էլ սպասել արդյունքներին», — ասում է Սանասարյանը:

Եթե իրավիճակը չփոխվի կասկածի տակ կդրվի նույնիսկ թանկարժեք կոնյակների արդյունավետությունը, ինչը գիտնականների պնդմամբ կարող է հանգեցնել տրամաբանական պարադոքսի և տարածաժամանակային կոնտինուումի կոլապսի, ինչը վտանգի տակ կդնի քաղաքապետարանի գոյությունը:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.