Press "Enter" to skip to content

Իշխանությունը մտադիր է աջակցել «ՈՉ»-ի ճամբարների բազմազանությանը

Կառավարությունը կարևորում է «ՈՉ»-երի ճամբարների բազմազանությունը
Կառավարությունը կարևորում է «ՈՉ»-երի ճամբարների բազմազանությունը

ԵՐԵՎԱՆ — Իշխանությունը ուրբաթ օրը խոստովանեց, որ ոգևորված է սահմանադրության բարեփոխման դեմ պայքարող ճամբարների բազմազանությունից:  Կառավարությունը որոշել է բյուջեից գումար հատկացնել ճամբարների աջակցության համար:

«Դե մի տեսակ շատ փխրուն են թվում կողքից: Մի թեթև օգնենք, որ մինչև դեկտեմբեր ձգեն, խայտառակ չլինենք առանց մրցակցության», — բացատրում է կառավարության «ՈՉ»-ի աջակցության գծով պատասխանատու Կորյուն Սրտունցը: — «Մի կողմից իհարկե մեր դեմ են պայքարում, բայց մյուս կողմից էլ… էնքան համովն են, որ չենք կարող չաջակցել»:

Գումարը որոշվել է հատկացնել մշակույթի նախարարության ծախսերից: Միակ վտանգը այն է, որ նախարարությունը մի քնաի ամիս չի կարողանա աշխատել, սակայն կառավարությունը վստահեցնում է, որ ոչ մեկ դա չի զգա:

Ընդդիմադիր «ՈՉ»-ի ճամբարները արդեն արձագանքել են նախաձեռնությանը` այն անվանելով «սադրիչ» և «ընդդիմության տոտալ պառակտվածության վրա չարախնդալու փորձ»: Այսպես օրինակ` «Ազգային փառքի» և «Վերածնված հայություն» ճակատները միանգամից հրաժարվել է աջակցությունից, իսկ մի քանի այլ ճակատներ` «ՄեգաՈՉ», «Չէ,Չէ ու կրկին Չէ» և «120% ՈՉ» ճակատները որոշել են վերցնել գումարը և այն տրամադրել բարեգործության:

«Դե իրականում այդ գումարը վերցնում ենք, որ Մշակությի նախարարությանը մի վնաս տանք», — բացատրեց «Ազգային ինքնագիտակցություն և միասնություն» ճակատի խոսնակը: