Press "Enter" to skip to content

Հայ սուպերհերոսը տուգանվել է սխալ կայանման համար

Լավամարդը
Լավամարդը մտադիր է հանձնել դիմակը

Արդեն մեկ ամիս է, ինչ Արսեն Արևշատյանը (անունը փոփոխված է անվտանգության նկատառումներով) դարձել է հայ առաջին սուպերհերոսը. նա ինքն իրեն կոչում է Լավամարդ, կրում է դիմակ, պայքարում է հանցագործների դեմ և օգնություն է ցուցաբերում բոլոր կարիքավորներին: Այսօր տեղի ունեցածի պատճառով Արսենը վերանայում է իր գործունեությունը:

 

-Արսեն, երբ Երևանի փողոցներում հայտնվեց Լավամարդը, բոլորս շատ ոգևորվեցինք, ինչու՞ եք հիմա ուզում հետ կանգնել մտահաղացումից:

 

-Լավամարդը պատահական չէ, որ հայտնվեց փողոցներում. ես զգացի, որ նրա կարիքը կա: Իմ սեփական ֆինանսներով ձեռք բերեցի այս կոստյումը, իմ անձնական մեքենան…

 

-Ափսոս չէ՞ր մեքենան:

 

-Opel Vectra էր Նարեկ ջան: Մի խոսքով` մեքենաս դարձրեցի Լավմոբիլ, որ օգնեմ իմ քաղաքացիներին, պայքարեմ չարի դեմ:

 

-Բա՞յց…

 

-Բայց մի օր Թումանյան փողոցի վրա տեսա` ինչպես մի աղջկա ձեռքից գողացան հեռախոսը, մեքենայից դուրս եկա, բռնեցի գողին, վերադրաձրեցի հեռախոսը ու, երբ վերադարձա Լավմոբիլի մոտ, պարզվեց այն անհետացել է:

 

-Գուցե դա ձեր ոխերիմ թշնամի Պրոֆեսոր Կաշառքի ձեռքերի գո՞րծն է։

 

-Ես էլ սկզբում այդպես մտածեցի, բայց չէ, ականատեսները ասացին, որ մեքենաս պարզապես տարել են տուգանային հրապարակ: Հաջորդ քայլս հենց տուգանային հրապարակ գնալն էր: Այնտեղ ինձ բացատրեցին, որ կա երկու ճանապարհ` վճարել 30 000 դրամ կաշառք ու 10 րոպեից գնալ տուն մեքենայով կամ` օրինականը:

 

-Դուք որպես սուպերհերոս բնականաբար ընտրեցիք երկրորդը՞:

 

-Այո, բայց պարզվեց` պետք է արձանագրություն տանեմ, որ պետը ստորագրի, իսկ պետը տեղում չէր:

 

-Բնականաբար:

 

-Դե հա: Երկար սպասելուց հետո պետը արդեն տեղում չէր ընդմիջման պատճառով, հետո տեղում չէր ընդմիջումից չվերադառնալու պատճառով, հետո տեղում չէր խորհրդակցության գնալու պատճառով:

 

-Մնաց մյուս օրը:

 

-Այո, մյուս օրը  բռնացրեցի պետին, պատրաստ էի մուծել տուգանքը, բայց ավաղ չունեի տեխանձնագիր։

 

-Որը, հավանաբար, մեքենայում էր…

 

-Այո, մեքենայից տեխանձնագիրը վերցնելու համար անհրաժեշտ էր մեկ այլ թույլատվություն, մեկ այլ անձից, ով, ինչպես կռահեցիք, կրկին տեղում չէր: Ու ես չդիմացա… Ես կոտրվեցի:

 

-Ի՞նչ պատահեց, Արսեն:

 

-Ես տվեցի 30 000 դրամ կաշառքը ու 10 րոպեից մեքենայով գնացի տուն: Հիմա ի՞նչ օրինակ կարող եմ լինել իմ համաքաղաքացիների համար: Ես պետք է լինեի բարության ու ազնվության խորհրդանիշը, հույսի ու պայքարի խորհրդանիշ, լուսավոր ասպետը, բայց ես էլ մասնակցեցի կոռուպցիայի մեջ:

 

-Այսինքն Հայաստանը կորցրե՞ց Լավամարդուն:

 

-Ի դեմ ինձ` այո: Բայց կոստյումը կա, Լավմոբիլը կա. եթե ինչ-որ մեկը ուզում է շարունակել Լավամարդի գործը, խնդրեմ` գրեք ինձ lavamard շնիկ gmail.com հասցեով: Բայց պետք է կաշառք չվերցնեք, երբեք:

 

-Լու՞րջ, ձեր հասցեն lavamard շնիկ gmail.com է՞։

 

-Հա, հարմար չի՞։

 

-Չափից դուրս: Շնորհակալություն հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց Նարեկ Մարգարյանը:

 

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.