Press "Enter" to skip to content

Քաղաքապետարանը մեղադրում է գեշ քաղաքացիներին Երևանի թամանյանական տեսքը աղավաղելու մեջ

«Դեռ կան բազմաթիվ վայրեր, որտեղ նրանք կարող են զբոսնել... օրնակ` մետրոպոլիտենի գրոթե բոլոր կայարանները»
«Դեռ կան բազմաթիվ վայրեր, որտեղ նրանք կարող են զբոսնել… Օրնակ` մետրոպոլիտենի գրեթե բոլոր կայարանները»

ԵՐԵՎԱՆ — Երևանի քաղաքապետարանը ևս մեկ քայլ է կատարել «Հին Երևան» ծրագրի իրականացման ուղղությամբ. այսուհետև առավել գեշ քաղաքացիներին թույլ չեն տա զբոսնել մշակութային օջախների մոտակայքում: Որոշումը կազմում է համալիր ծրագրի միայն մեկ մասը:

«Մենք փորձում ենք քաղաքը դարձնել գեղեցիկ, բարեկեցիկ, պահպանել թամանյանական շունչը», — բացատրում է Երևանի քաղաքապետարանի էսթետիկ բաժնի պետ Գագիկ Ամատունին,- «Իսկ որոշ անբարեխիղճ արտաքինով քաղաքացիներ փչացնում են ամբողջ տեսքը: Ստիպված պաշտպանում ենք քաղաքի տեսքը այդ մարդկանցից»:

Քաղաքապետարանը համագործակցում է ոստիկանության «Հրեշտակներ» պահակախմբի հետ: Հրեշտակները պահպանելու են մշակութային օջախները անբարեխիղճ արտաքինով անցորդներից` կիրառելով բացատրական, խրախուսիչ և ծայրահեղ դեպքերում` պատժիչ գործողություններ:

Պահակախմբի ղեկավար Անարատ Պիսկունցը ասում է. «Օպերայի շրջակայքը արդեն մաքրել ենք առավել կնճռոտ տատիներից և անթրաշ ու փնթի ծերուկներից: Առայժմ կենտրոնանում ենք Օպերայի վրա, բայց շուտով ազատագրելու ենք նաև Թամանյանի արձանը, Կոմիտասի այգին և իհարկե Հրապարակը»:

«Ցավոք ստիպված կլինենք հրաժեշտ տալ չինացի զբոսաշրջիկներին...», - Վյաչեսլավ Մամիկոնյան, քաղաքապետարանի ներկայացուցիչ
«Ցավոք ստիպված կլինենք հրաժեշտ տալ չինացի զբոսաշրջիկներին…», — Վյաչեսլավ Մամիկոնյան, քաղաքապետարանի ներկայացուցիչ

Քայլը համարվում է ծառերի էտման շարունակությունը: Քաղաքապետարանը արդեն խորապես էտել էր քաղաքի տեսքը աղավաղող ծառերը և չի պատրաստվում կանգ առնել դրա վրա: «Մենք չենք պատրաստվում կանգ առնել դրա վրա», — նշում է քաղաքապետարանը:

«Մենք երկար տարիներ նեղվել ենք, որ Երևանը, մասնավորապես Փոքր կենտրոնը, կորցնում է իր թամանյանական շունչը, և այսօր մենք վերջապես լուծում ենք այդ հարցը», — բացատրում է քաղաքապետարանը, — «Այլընտրանքային արտաքինով մեր քաղաքացիների համար ստեղծելու ենք լրացուցիչ մշակութային վայրեր… Ասենք` Երրորդ մասում կամ Վայոց Ձորում»:

Այլընտրանքային արտաքինով մի խումբ քաղաքացիներ փորձել են բողոքի ցույց անել քաղաքապետարանի շենքի դիմաց, սակայն նրանց չեն թողել մոտենալ շենքին, քանի որ այդ շենքը ևս մտցվել է «անբարեխիղճ արտաքինով մարդկանցից պաշտպանվող օբյեկտների» ցանկի մեջ:

Անանուն աղբյուրներից հայտնի է դարձել, որ շուտով արգելվելու է նաև ճաղատ քաղաքացիներին քայլել թամանյանական շենքերի կողքով: «Ճաղատ մարդիկ ևս երբեմն աղավաղում են քաղաքի տեսքը, իսկ մենք փորձում ենք մաքսիմալ թամանյանական պահել գոնե Փոքր կենտրոնը», — մեջբերում են աղբյուրները անանուն պաշտոնյայի:

4 Comments

  1. De dzez tesnem, vlasti tgek, mek el mek el mi zark tvek, mi zark tvek azgi kokin, vor erkric ays davay lini

  2. Մենք փորձում ենք քաղաքը դարձնել գեղեցիկ, բարեկեցիկ, պահպանել թամանյանական շունչը, Իսկ որոշ անբարեխիղճ արտաքինով քաղաքացիներ փչացնում են ամբողջ տեսքը: )))))))

Մեկնաբանությունները փակ են.