Երևանի բնակիչ Վազգեն Սարիբեկյանը մտածեց, թե ապրիլմեկյան կատակ է անում ինչ-որ մեկը իր հետ, երբ Երևանի ավագանուց ստացավ ծանուցում, որում ասվում էր, որ իր Samsung Smart TV հեռուստացույցը օտարվում է գերակա հանրային շահի համար: Հաջորդը օրը նա ստացավ ևս մեկ ծանուցում արդեն շինարարական «ՓինաՇին» ընկերությունից, որը տեղեկացնում էր, որ 3 օրից կսկսվի գովազդային վահանակի տեղադրման աշխատանքը: «Հենց մեր հյուրասենյակում, հասկանու՞մ եք: Հեռուստացույցս օտարում են, որ տեղը գովազդային վահանակ տեղադրեն», — վրդովված պատմում է Սարիբեկյանը. «Ես լսել էի, որ բնակարան են օտարում, որ տեղը բազմահարկ շենք կառուցեն կամ տենց բաներ, բայց էդ ի՞նչ հանրային կարիքի համար են տան մեջտեղը գովազդային վահանակ տեղադրում»: Անհասկանալի է նաև Samsung հեռուստացույցի պարտադիր օտարման հիմնավորումը. «Լավ, ենթադրենք իմ ազնիվ քրտինքով վաստակած հեռուստացույցը խանգարում ա վահանակին, ինչու՞ չեմ կարող էդ հեռուստացույցը ամրացնեմ ասենք դիմացի պատին», — տարակուսում է Սարիբեկյանը:
Մենք զրուցեցինք որոշմանը կողմ քվեարկած ավագանիներից մեկի` Խչոյի հետ, որը խուսափեց հիմնավորել, թե ինչպիսի հանրային շահի է ծառայում գովազդային վահանակը: «Ռեկլամ ա ըլնելու… սիրուն… մարդիկ կկարդան, կիմանան ինչ նոր օբեկտ ա մեր քաղաքում բացվում: Իսկ էդ տղու սենյակը ուղղակի շատ լավ կենտրոնական տեղ ա», — բացատրեց Խչոն: Հեռուստացույցի պարտադիր օտարումը ավագանին բացատրեց անսպասելի առաջացած սուր հանրային կարիքով. «Երևանում բազմազավակ հայ ընտանիք կա, որտեղ դժբախտություն ա եղել` 2 տարեկան էրեխեն տելիվիզրը շուռ ա տվել: Հիմի էդ եքա հայ ընտանիքը ոչ սերիալ ա կարողանում նայի, ոչ լուրեր, ոչ մի բան: Լավ չի՞ էդ մի քաղաքացու թույն, բարակ տելեվիզրը վերցնենք տանք էդ մեծ հայ ընտանիքին: Գիտե՞ք աներձագս ինչքան կուրախանա», — բացատրեց Խչոն` հավելելով, որ նա, ինչ-որ տեղ, ժամանակակից «Ռուբեն Բուդ»-ն է:
Իսկ Վազգենը խոստանում է շարունակել պայքարը հանուն հեռուստացույցի` նրա ապագա ռազմավարությունը չի բացառում կոշտ քայլեր` դատարան դիմելուց ընդհուպ մինչև դուռը չբացելը: «Ես էդ բանը անողն եմ: 100%»: