Press "Enter" to skip to content

ՀԱԿ-ը մեծ շուքով կնշի 4-րդ արաբական գարունը Հայաստանում

Այս տարվա արաբական գարունը նախորդից ավելի հեղափոխական է, բայց ոչ այնքան, որքան հաջորդը
Այս տարվա արաբական գարունը նախորդից ավելի հեղափոխական է, բայց ոչ այնքան, որքան հաջորդը

Հայ ազգային կոնգրեսը պլանավորում է ապրիլի սկզբին նշել 4-րդ հոբելյանական արաբական գարունը Հայաստանում. այս մասին տեղեկացանք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից: «Որքան արագ է թռնում ժամանակը. 2011թ. մենք առաջին անգամ հայտարարեցինք այն մասին, որ արաբական գարունը հասավ Հայաստան, և արդեն չորս տարի անընդմեջ Կոնգրեսի գլխավրությամբ արաբական գարունը հասնում է Հայաստան», — նշեց Զուրաբյանը:

ՀԱԿ կազմակերպիչը գտնում է, որ այս տարվա արաբական գարնան նախադրյալները էլ ավելի ակնառու են, որովհետև իշխանությունը մտադիր է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել: «Այս տարվանը լինելու է ավելի գարնանային և շատ ավելի արաբական», — խոստացավ ՀԱԿ կառավարիչը. «Այս տարի պլանավորում ենք հսկայական էկրանի վրա ցույց տալ մեր նախորդ երեք զգուշացումները արաբական գարնան սկզբի մասին և հրավառությանը զուգահեռ պաշտոնապես ներկայացնել չորրորդը: Կլինի շոու ծրագիր արաբական պարերի և թաթար-մոնղոլ փայլևանների մասնակցությամբ: Այս վերջինի խորհուրդը կհասկանան ոչ բոլորը, բայց դե մեր միջոցառումն էլ բոլորի համար չէ», — հավելեց ՀԱԿ վերահսկիչը:

Նրա խոսքով յուրաքանչյուր տարի իշխանության մոտ նկատվում է տոտալ խուճապի շեշտակի  աճ` այդ մասին ճչում է այն փաստը, որ իշխանության անհապաղ փախուստի համար նախատեսած  ինքնաթիռը արդեն չորս տարի շարժիչը միացրած սպասում է օդանավակայանում: ՀԱԿ խնամակալը պնդում է, որ անձամբ է տեսել այդ ինքնաթիռը և զրուցել օդաչուների հետ, ովքեր թեև չորս տարի դուրս չեն եկել ինքնաթիռից, բայց ՀԱԿ հավատարիմ աջակիցներից են:

Չնայած չորրոդ արաբական գարնան մեկնարկի նախապատրաստական աշխատանքները եռում էն, Կոնգրեսը զուգահեռ արդեն պլանավորում է հինգերոդը: «Դե հինգերորդը ավելի հոբելյանական է, ավելի մեծ շուքով պետք է նշվի: Թեև հենց այսօր կարող ենք արաբական գարունը այնպես անցկացնենք, որ իշխանությունը հեռանա, բայց կսպասենք, որ լինի հինգերորդը, տասներորդը, չի կարելի այս բարի ավանդույթից միանգամից զրկել ժողովրդին», — ամփոփեց ՀԱԿ կցորդը:

4 Comments

  1. Levon Gasparyan via Facebook Մարտի 13, 2015

    Իսկ այդ միջոցառման ժամանակ Նենսի Այրամը երգելու ա՞ «Գարուն֊գարուն» երգը։ 🙂

Մեկնաբանությունները փակ են.