Press "Enter" to skip to content

«Երկրի աննասունները» միավորվում են նոր գաղափարի շուրջ

dd
Նոր սերունդը կատարելագործում է արձանները

«Երկրի աննասուններ» քաղաքացիական նախաձեռնությանը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է իր նոր նախագծի շուրջ միավորել Հայաստանի բոլոր անասուններին: «Նախագիծը մեր վերջին երկու տարվա մտագրոհների արդյունքն է` երկար քննարկումներից և բանավեճերից հետո որոշեցինք, որ պետք է ուղղակի արձաններ կոտրենք», — նշեց Գառնիկ Վանդալցյանը` «Երկրի աննասուններ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր նախագահը. «Սա այն գաղափարն է, որն իսկապես կարող է միավորել երկրի անասուն երիտասարդությանը»: Երկար տարիներ երկրի անասունները անկազմակերպ էին գործում` մեկը կրակայրիչով հալացնում էր վերելակի կոճակները, մյուսը կինոթատրոնում նստարանն էր ճղում, երրորդը Թումանյանի արձանի վրա գրում էր իր սիրված ռեփերի անունը: Այժմ երկրում կստեղծվի «աննասունների» միասնական ճակատ:

«Գաղափարը պարզ է. այլանդակել արձանները: Այո, շատ խորը կամ բովանդակալից չի, բայց ունենք այն ինչ ունենք: Պլանները շատ են. մենք ճիշտ ա սկսեցինք Երևան-Սևան մայրուղու «Արձագանք» արձանից, բայց ժամանակն է մտնել մայրաքաղաք ու մի հատ անասունություն անել ասենք Իսահակյանի արձանի հետ, կամ Վարդան Մամիկոնյանի նժույգի ամորձիների հետ մի ստեղծագործական բան կարելի է մտածել», — հավելեց Վանդալցյանը: «Շարժումը միտված է երիտասարդ սերնդին համակարգիչներից ու պլանշետներից պոկելուն: Թող դուրս գան, մաքուր օդ շնչեն, կյանք տեսնեն: Եթե սպորտի և երիտասարդության նախարարությունը ոչ մի բան չի նախաձեռնում, ինչ-որ մեկը պետք է գործի, չէ՞», — հավելեց բանախոսը:

Վանդալցյան. «Սրան վերաբերվեք որպես art-ինստալյացիայի»
Վանդալցյան. «Սրան վերաբերվեք որպես art-ինստալյացիայի»

Եթե նախաձեռնությանը միանան բավական քանակությամբ երիտասարդներ երկրի տարբեր մարզերից, ղեկավարությունը չի բացառում, որ կարող է հիմնել նույնիսկ կուսակցություն և մուտք գործել մեծ քաղաքականություն. «Անասուն ընտրողների համայնքը իհարկե ներկայացված է Ազգային Ժողովում, բայց ոչ հավուր պատշաճի: Մենք հասարակության շատ ավելի լայն շերտեր ենք ներկայացնում և շատ ավելի մեծ պոտենցիալ ունենք»: Վանդալցյանը գտնում է, որ եթե մոտ օրերին երիտասարդները մի քանի արձան էլ վնասեն երկրում, դա շատ հստակ ազդակ կլինի, որ հասունացել է «Երկրի աննասուններ» կուսակցության ստեղծումը հանրային օրակարգ մտցնելու պահը:

Լուսանկարները` Գերման Ավագյանի արխիվից:

9 Comments

  1. Սամվել Ավդալյան. Մոսկվա Սամվել Ավդալյան. Մոսկվա Մարտի 17, 2015

    Եվս մի քանի տարի ու Հայսատանից ոչինչ չի մնա:

Մեկնաբանությունները փակ են.