Կառավարության նորարարական տնտեսության վարչությունը այսօր հայտնեց, որ պատրաստվում է այլընտրանքային մեթոդաբանություն կիրառելով հասնել երկնիշ տնտեսական աճի արդեն 2015թ.-ին: Վարչության պետ Արամայիս Նորիկյանի խոսքով կառավարության քայլը միաժամանակ և՛ նորարական է, և՛ հայեցի. «Կիրակի օրը մենք այսպես կոչված կանխիկ մատաղ ենք խոսք տվել. եթե այս տարի արձանագրվի երկնիշ տնտեսական աճ, կառավարությունը անմոռանալի, հսկայական մատաղ է անելու»: Ի տարբերություն նախորդ կառավարության, որը պատրաստվում էր բացել տեխնոպարկեր, արտադրել պլանշետներ ու Հայաստանը դարձնել տեխնոկրատիա, նորը կլինի ավելի իրատես և հավատարիմ կմնա հայ արմատներին: «Մեզ պետք չի նորից հեծանիվ հորինել, մենք ունենք դեռ հեթանոսական դարաշրջանից եկող ադաթներ, սովորույթներ, որոնք պետք է սկսել կիրառել տնտեսության մեջ», — պնդում է Նորիկյանը:
Եթե մատաղի ծրագիրը հաջողությամբ պսակվի, վարչությունը կփորձի կանխիկ մատաղի ինստիտուտը ներմուծել բոլոր գերատեսչություններ` սպորտի նախարարությունն էլ կարող է կարևոր հանդիպումներից առաջ մատաղ խոստանալ, նույնը կարելի է կիրառել քաղաքաշինության նախարարությունում, որ նորակառույցները ամուր լինեն կամ մշակույթի նախարարությունում` Արմենչիկի համերգներից առաջ:
Վարչությունը չի սահմանափակվի միայն կանխիկ մատաղով, արդեն ուրվագծվում է նոր ծրագիր. «Չեմ ուզում բոլոր չակերտները բացել, բայց պատկերացրեք մի սեղանի շուրջ հավաքվում են, բոլոր նախարարները ու նրանց մատուցում են ղսմաթով գաթա: Ու պատկերացրեք, որ ղսմաթը ընկնում է ֆինանսների նախարարին: Հասկանում եք չէ՞, որքան կծաղկի պետբյուջեն այդ տարի», — անկեղծացավ վարչության պետը: Իսկ մոտակա օրերին կառավարությունը կքննարկի Նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների Վարդավառին պարտադիր ջրվելու մասին օրինագիծը, որովհետև համաձայն վիճակագրության չջրված նախարարները տարիներ շարունակ խոչընդոտում են երկրի բնականոն զարգացումը:
Մեկ մեկնաբանություն
Մեկնաբանությունները փակ են.
et el kxostanan u chen ani!